կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-29 23:22
Արցախ

Նախագահը` Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններում

Նախագահը` Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններում

ԼՂՀ նախագահը կառավարության ղեկավարի եւ մի քանի անդամների հետ երեկ այցելել է Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններ։

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Քարվաճառ շրջկենտրոնում երկրի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` շրջվարչակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Հաշվի առնելով Շահումյանի շրջանի յուրահատուկ նշանակությունը` նախագահն ընդգծել է, որ նրա զարգացումը հանրապետության ռազմավարական կարեւորագույն խնդիրներից է: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին շրջանում ընթացող ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Այնուհետեւ նա Արցախի եւ Երեւանի պետական համալսարանների ուսանողների հետ մասնակցել է Քարվաճառում տեղի ունեցած ծառատունկին, ծանոթացել քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքներին եւ ներկա գտնվել երիտասարդական ճամբարի շինարարության սկսման արարողությանը:

Իսկ Քաշաթաղի շրջանի Վարդուտ գյուղում երկրի ղեկավարն այցելել է կաթի մթերման կետ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այստեղ նույնպես աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել` Վարդուտի ձորակի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների քննարկմանը: Ըստ նախագահի` հետեւողական զարգացման համար ձորակն ունի բոլոր հնարավորությունները, եւ ցանկալի արդյունքներ ապահովելու համար անհրաժեշտ է առկա ներուժի արդյունավետ օգտագործում ու իրականացվող աշխատանքների որակի բարձրացում։