Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) հանդես է եկել առաջարկով: Նա ազատամարտիկներին առաջարկում է մինչև ապրիլի 24-ը խմբեր կազմել ու գնալ սահման՝ աջակցելու զինվորներին։
Yerkir.am-ը կապ հաստատեց «Երդվյալ ազատամարտիկների միության» հիմնադիր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հետ՝ տեղեկանալու՝ նրա ղեկավարած կառույցն ընդունելո՞ւ է Կոմանդոսի առաջարկը, թե՞ ոչ: «Ի՞նչ առաջարկ, ես քաղաքում չեմ, չեմ կարող ասել՝ ինչ առաջարկ է»,- ասաց Գևորգյանը:
Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե մեր տեղեկացնելուց հետո՞ էլ չի կարող ասել՝ իր ղեկավարած կառույցը մինչև ապրիլի 24-ը կգնա՞ սահման, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ո՞նց ասեմ կգնանք, թե` չէ: Ես տեղյակ չեմ` էդ ինչ ա»:
Ռուբեն Գևորգյանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչո՞վ է զբաղված «Երդվյալ ազատամարտիկների միություն»-ը, երբ սահմանին վերջին շրջանում լարված իրավիճակ է, և գրեթե ամեն օր վիրավոր կամ զոհված զինվորների մասին ենք լսում: Մեր այս հարցից ազատամարտիկ պատգամավորը բավականին վրդովվեց և բարկացած տոնով հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցն այժմ կազմակերպչական հարցերով է զբաղված: Պատգամավորը չցանկացավ տեղեկացնել, թե խոսքն ի՞նչ կազմակերպչական հարցերի մասին է, նա անմիջապես անջատեց հեռախոսը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Գևորգյանը, երբ հիմնեց «Երդվյալ ազատամարտիկների միություն»-ը, հայտարարեց, որ հարկ եղած դեպքում կամավոր նվիրյալները, ովքեր կառույցի կազմում են, կլինեն առաջին գծում` զինվորների կողքին: Սակայն Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո, ընդհատակ անցավ նաև Ռուբեն Գեւորգյանը, ով մինչ այդ ամպագոռգոռ հայտարարություններ էր անում սահմանին տիրող իրավիճակի և իր ղեկավարած կառույցի անելիքների մասին: Իսկ հիմա Գևորգյանն անցել է ջրի հատակը...