կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 16:45
Իրավական

Ծաղիկ Ռուբոն չի ներկայանում եղբորորդու սպանության գործով նիստերին (լուսանկարներ)

Ծաղիկ Ռուբոն չի ներկայանում եղբորորդու սպանության գործով նիստերին (լուսանկարներ)

Շուրջ 12 տարի առաջ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած` երեք տղամարդու աղմկահարույց սպանության գործով արդեն երկրորդ դատական նիստն է անցնում տուժողների բացակայությամբ: Դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 25-ին: Մի քանի անձինք Նուբարաշենի խճուղում ինքնաձիգներով կրակահերթ են արձակել տաքսի ծառայության ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքներից ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանը եւ Դավթաշենի բնակիչ Արկադի Գեւորգյանը սպանվել են, իսկ վերջինիս եղբայր Արտյոմ Գեւորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը հաջողվել էր փրկել:

Նշենք, որ Արկադի և Արտյոմ Գևորգյանները Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի եղբորորդիներն են: Ներկայումս գործը դատարանում է երկու մեղադրյալների՝ Կամսար Հակոբյանի և Անդրանիկ Երեմյանի մասով: Սպանությունից հետո նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Հակոբյանին ու Երեմյանին հայտնաբերել էին նախորդ տարի և տեղափոխել Հայաստան: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի (սպանություն) հատկանիշներով, իսկ Հակոբյանին` նաև 235-րդ 1-ին մասի (ապօրինի զենք պահելը) հատկանիշով: Կամսար Հակոբյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, իսկ Անդրանիկ Երեմյանինը՝ Ինեսա Պետրոսյանը: Նիստը նախագահող դատավորն Արտուշ Գաբրիելյանն է, մեղադրող դատախազը՝ Մարգարյանը:

Այսօրվա նիստին թեև պատշաճ ծանուցվել, սակայն չէին ներկայացել գործով տուժողներն ու տուժողի իրավահաջորդ Ռուբեն Գևորգյանը: Այս կապակցությամբ դատավորն ասաց, որ, հաշվի առնելով սպանության դեպքը, բարոյական տեսանկյունից գեղեցիկ չէ միանգամից տուժողներին և տուժողների իրավահաջորդներին բերման ենթարկելու որոշում կայացնել: Այսպիսով` դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը և հաջորդը նշանակել հուլիսի 12-ին:

Նշենք, որ, նախաքննության տվյալներով, Երեւան քաղաքի բնակիչ Արթուր Սարգսյանը, տեղեկանալով իր ընկերոջ որդու՝ Գեւորգ Մանուկյանի եւ Գեւորգյան եղբայրների լարված հարաբերությունների մասին, կազմակերպել և պատվիրել է վերջիններիս սպանությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դեռեւս 2003 թվականին որոշումներ են կայացվել սպանության կազմակերպմանը, նախապատրաստմանը եւ կատարմանը մասնակցություն ունեցած անձանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 19.12.2003թ. քրեական գործից Արթուր Սարգսյանի եւ այլ անձանց վերաբերյալ մասն անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: 30.06.2004թ. քրեական գործից մեկ այլ մեղադրյալի վերաբերյալ մասն անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: