Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանությունները չեն հայտարարել, թե մարտի 1-ի էջը փակված է, ասել են` քաղաքական մասն է փակված, այսինքն` այն, ինչ տեղի է ունեցել, գնահատական ստացավ, բայց զոհերի մասով քննությունը շարունակվում է. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Հարցին` ինչո՞ւ հանկարծ հանրապետության նախագահը որոշեց հիմա անդրադառնալ Մարտի 1-ին, Զոհրաբյանը նշեց, որ դա «հանկարծ» կայացրած որոշում չէ, այլ բնական գործընթաց:
«Սերժ Սարգսյանը` որպես հանրապետության նախագահ, առաջարկ է արել լայն թափով նորից վերաքննել. երեք տարի անց կան հանգամանքներ, որոնք կարելի է նորից վերանայել, կան վկաներ, որոնք այն ժամանակ գուցե վախենում էին ինչ-որ բան ասել, հիմա գուցե ասեն: Նախագահն ասաց, որ անձամբ իրեն դա հարկավոր է, որովհետեւ ինքն է նախագահը, ինքն է կրում պատասխանատվությունը: Դրա համար էլ գնում է դրան, եւ այդ քայլը կարելի է միայն ողջունել: Սա հո նախընտրական կամպանիա չէ, որ «բերեք ինչ-որ փիար օգտագործենք», նույնիսկ ամոթալի է մտածել, որ կարելի է կոծկել այդ գործը, բերել ընտրություններից առաջ բացահայտել ու ասել` տեսեք, ինչ լավ է, որ մենք կարողացանք»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին` թե պայմանավորվածություն կա Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն կանխելու ուղղությամբ, նա նշեց, որ նման պայմանավորվածություն չկա. «Էդպիսի բան չկա` մարտի 1-ը բերել-բարդել Քոչարյանի ուսերի վրա: Ես նույնիսկ չգիտեմ` Քոչարյանը պատրաստվո՞ւմ ա ապագա ընտրություններին մասնակցելու, որ թողեն-չթողեն... Մենք, տեսնում եք, չենք կարողանում երկխոսել, ուր մնաց պայմանավորվենք` մեկին թողնել կամ չթողնել. այդպիսի բան չկա, մինչեւ դրան հասնի, ընտրությունները երեւի կավարտվեն»:
Ռազմիկ Զոհրաբյանը նաեւ արդարացավ. «Աշխարհում շատ կան նման հանցագործություններ, որոնք չեն բացահայտվել կամ մասամբ են բացահայտվել: Քանի որ այսօր իշխանությունը մենք ենք, նախագահը Սերժ Սարգսյանն է, ապա այդ բախտավորությունը կա` ինչքան հնարավոր է բացահայտել»:
Մարտի 1-ի հետ կապված` ՀՀԿ փոխնախագահը նաեւ հետաքրքիր «բացահայտումներ» արեց. «Թե կրակելու հրամանը որտեղից է եկել, այս պահին ես չեմ կարող ասել, որովհետեւ նման փաստաթուղթ չկա, բայց որ իսկապես ընդդիմության շարքերից կրակոցներ են եղել, փաստ է: Ովքեր են կրակել, դեռ պարզ չէ, գուցե դա մի գաղտնի դիվերսիոն խումբ էր, որ ուղղված էր Հայաստանի, հայ ժողովրդի դեմ` թշնամացնելու, կռվացնելու իշխանություններին եւ ընդդիմությանը: Այդպիսի դեպքեր աշխարհում լինում են»: