Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տարբեր լրատվամիջոցներ տարածվել էին տեղեկատվություն, թե ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննադատել է ՀՀ նախագահի այն խոսքը, որում նա նշել էր. «Աշխարհում շատ բան մեզանից կախված չէ, բայց մեր երկրում շատ բան կախված է մեզանից: Չկա մի ուժ, որը կարող է անել ավելին, քան մենք` հանրապետականներս»:
Արծվիկ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ պատասխանել է սխալ հարցադրման, և պատասխանը նույնպես սխալ է ընկալվել: Ըստ նրա` ինքը պատասխանել է առաջին հերթին այն հանրապետականներին, ովքեր տարբեր առիթներով հայտարարում են, թե հանրապետականներից լավը չկա:
«Ինչ վերաբերում է նախագահի խոսքին, ապա այս դեպքում նախագահը խոսել է կարողականության մասին, այսինքն` այն հնարավորությունների մասին, որոնց տիրապետում են հանրապետականները: Իսկապես այդպես է, որովհետև լծակների մեծ մասը գտնվում են Հանրապետական կուսակցության ձեռքում, ինչը նաև նախագահի խոսքում որոշակի քննադատության արժանացավ` նույն` անձակենտրոնության, գերկենտրոնացման առումով որպես թերություն ներկայացնելու: Այս առումով` իմ խոսքն ուղղված էր ոչ թե նախագահի այն մոտեցմանը, ըստ որի` հանրապետականը կարող է ավելին անել, այլ այն մարդկանց, ովքեր փորձում են, որպես իշխանություն, ներկայացնել, թե հանրապետականից լավը չկա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ աշխարհում ոչ մի տեղ չի կարող նման պնդում լինել, թե հանրապետականից լավը չկա, որովհետև միշտ էլ լավից լավը կա: Ավելին`մեր երկրում լավից լավը կարող է լինել այն ժամանակ, երբ իշխանությունն ու ընդդիմությունը ձևավորեն քաղաքական մեկ միասնական օրակարգ, ինչի ջատագովն է Դաշնակցությունը: