Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճգնաժամի ժամանակ հնարավորություն կար տնտեսական խնդիրները լուծելու, սակայն մեր կառավարությունը չօգտվեց դրանից եւ շարունակում է իր նույն գործելակերպով, ժամանակ է ձգում եւ ոչինչ չի անում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը:
«Կառավարությունը քանի որ ոչ մի փոփոխություն էլ չի կատարել, շարունակում է վարկեր բերել` իր տնտեսական քաղաքականության կարկատանը լրացնելու համար: Եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ տարի էլ վարկեր ենք բերելու, ավելացնելու արտաքին պարտքը»,- ասաց Ա. Նռանյանը:
Մեկ այլ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ եթե նայում ենք 2008 թվականի կառավարության գործունեության ծրագիրը, ապա այն նախորդներից դրականորեն տարբերվում է, սակայն դրա դրույթներից եւ ոչ մեկը չի իրագործվել մինչ օրս:
Թ. Մանասերյանի խոսքերով, ներկայումս մեր տնտեսությունը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր: Եվ այս դեպքում պետք է ոչ թե օգտվել զարգացած երկրների դեղատոմսերից, որոնք ժամկետնանց են, այլ ՀՀ-ն պետք է համեմատել ավելի համադրելի վիճակում գտնվող երկրների հետ:
Օրինակ, միջինասիական շատ երկրներ մեզնից նույնիսկ առաջ են անցել, եւ փայլուն օրինակ է Ղազախստանը, որը համաշխարհային տնտեսական ճգնաժամի շրջանում տնտեսական աճ գրանցեց` օգտվելով հենց ճգնաժամային վիճակից:
Ղազախստանի պես այլ զարգացող երկրները պարզապես կարողացան սիմվոլիկ գներով մեծաթիվ բարձր տեխնբոլոգիաներ ձեռք բերել զարգացած երկրներում գործող այն ընկերություններից, որոնք սնանկացան. «Սա շատ պարզ մեխանզիմ էր: Եվ, այո, Հայաստանը չկարողացավ օգտագործել այդ շանսը»:
Իսկ առհասարակ, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ մեր տնտեսությունը շարունակելու է դոփել նույն տեղում, եթե կառավարությունը չկարողանա տարանջատել համաշխարհային ֆինանսական ժգնաժամի բացասական ազդեցությունը մեր երկրի վրա եւ երկրի ներքին խնդիրները:
Ա. Նռանյանի կարծիքով, նույնպես պետք է ամբողջական մոտեցում լինի տնտեսական ոլորտին, պետք է փոխվի կառավարության տնտեսական թիմն ու քաղաքականությունը: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք դրական տեղաշարժի համար պետք է միայն թիմի փոփոխություն, Ա. Նռանյանը պատասխանեց. «Տնտեսական թիմի փոփոխությունը արդյունքի չի բերի, եթե այդ թիմը չունենա նոր գաղափարախոսություն»: