Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հանրային ծառայության մասին» օրենքի ընդունումը, որին ՀՅԴ խմբակցությունը դեմ էր, տապալվեց հենց խմբակցության նախաձեռնությամբ. լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյան եւ ավելացրեց, որ իրենց դեմ լինելու պատճառն այն էր, որ այնտեղ անհեթեթ մոտեցումներ կան: Որպես ասվածի օրինակ` պատգամավորը նշեց «օրենքի առջեւ հանրային ծառայողների իրավահավասարության» սկզբունքը:
«Այդ սկզբունքը ՀՀ բոլոր քաղաքացիների համար է ամրագրված Սահմանադրությամբ: Այսինքն` բոլորն օրենքի առջև հավասար պատասխանատվություն պետք է կրեն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Խոսելով այն մասին, որ հանրային ծառայության մեջ ընդգրկվել է նաեւ քաղաքական համակարգը, նա ասաց. «Քաղաքական պաշտոն զբաղեցնող պատգամավորը, որը կուսակցական ցանկով է անցել, էդ ինչպե՞ս պետք է քաղաքական զսպվածություն ցուցաբերի: Այսինքն` ես հիմա չպետք է խոսեմ ՀՅԴ ծրագրերի մասին կամ չպետք է քննադատեմ կառավարման վարվող քաղաքականությունը»:
Հերթական անհեթեթությունն, ըստ պատգամավորի, նախագծի այն կետն է, որում ասվում է, թե հանրային ծառայողը կստանա վարձատրություն: «Այսինքն` տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում կարող է լինել դեպք, երբ աշխատանքի դիմաց մարդ կարող է վարձատրություն չստանալ: Աբսուրդի վիճակի հասնող այս համադրումները ցույց են տալիս, որ օրենքի նախագիծը բացարձակապես չի համապատասխանում այն տրամաբանությանն ու տրամադրություններին, ինչը պահանջում են մեր երկրի զարգացման ներկա մարտահրավերները»,- ասաց Արծվիկ Մինասյանն ու խոսքը եզրափակեց` ասելով, որ ավելի լավ է նման օրենք առհասարակ չունենալ, քան ունենալ` նման բովանդակությամբ: