կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-04 12:12
Քաղաքական

Մենք կարգապահական խնդիր ունենք և տարբեր մոտեցումներ, դա մեր ոճն է. Րաֆֆի Հովհաննիսյան

Մենք կարգապահական խնդիր ունենք և տարբեր մոտեցումներ, դա մեր ոճն է. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց պաշտոնական տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Նա հայտարարեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, իսկ եթե որևէ մեկն արտահայտի այլ տեսակետ այս հարցի վերաբերյալ, ապա դա անհատական կամ անձնական տեսակետ է: Հովհաննիսյանի խոսքով` իրենց կուսակցության յուրահատկությունը հենց դա է, որ կարող են լինել տարբեր տեսակետներ կուսակցության ներսում:

«Քանի որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված տարբեր տեսակետներ են արտահայտվում, ես հայտարարում եմ մեր կուսակցության տեսակետը` մենք դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին: Թունավոր ծառից բարի պտուղ չի կարող լինել: Այս փոոխությունները որքան էլ ոմանք ողջունեն, նպատակ ունեն ծխածածկույթի ներքո, խորհրդարանական կառավարման համակարգի տակ հիմնել կուսակցապետություն: Նեոբոլշևիկյան նպատակ ունի սա: «Ժառանգություն»-ը դեմ է»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ անցած տարի գրավոր և բանավոր իրենք ներկայացրել են տարբեր առաջարկներ: «Մեր փաթեթը չընդունվեց և, սրանից ելնելով, մենք չենք ուզում մասնակցել քննարկումներին: Բոլորս գիտենք, որ այդ փաստաթուղթը ցույց է տալիս, որ նպատակը մեր հասարակությանը ստրկացնել է: Պետական որակի մեջ սրանով որևէ փոփոխություն չի լինելու»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ նախորդ անգամ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ` քննարկելու սահմանադրական բարեփոխումները, կուսակցության ղեկավարն ասաց. «Մենք կարգապահական խնդիր ունենք և տարբեր մոտեցումներ, դա մեր ոճն է: Եթե խմբակցության ղեկավարը կրկին հանդիպի Սերժ Սարգսյանի հետ, ուրեմն դա «Ժառանգության» տեսակետը չէ»:

Հովհաննիսյանի դիտարկմամբ` այս պայմաններում կոնսոլիդացիայի արդյունքում պետք է ժամանակավոր իշխանություն ստեղծվի, որը կկարողանա այս քսան տարվա ընթացքում ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ: «Կուսակցական դրոշակները պետք է իջեցվեն, և բոլորս պետք է պայքարենք հանուն հայրենիքի»,- ասաց նա:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև մյուս քաղաքական ուժերի` նախագահի հետ հանդիպելուն ու սահմանադրական բարեփոխումներին կողմ արտահայտվելուն: «Ես դատավոր չեմ, յուրաքանչյուր կուսակցություն ունի իր նախընտրությունը: Ես ո\'չ դատապարտում եմ, ո\'չ էլ դատում եմ, այլ ի գիտություն եմ ընդունում»,- ասաց նա: