կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-20 22:55
Հասարակություն

Փոքրիկ Ծիծեռնակաբերդ` Լոս Անջելեսում

Փոքրիկ Ծիծեռնակաբերդ` Լոս Անջելեսում

ՀՅԴ Երիտասարդական միության «Փոթորիկ» կոմիտեն Հայոց  ցեղասպանությանը նվիրված թանգարան է բացել Լոս Անջելեսում` նպատակ ունենալով լուսաբանել ու ամերիկացիներին ներկայացնել հայ ժողովրդի պատմության այդ ողբերգական էջը:

Թանգարանի բացման արարողությանը մասնակցել են ոչ միայն հայ համայնքի, այլեւ ամերիկացիներ:

Նրանցից մեկը, նշելով, որ գիտական աշխատանքի մեծ փորձ ունի, զարմացել է, թե ինչու երբեք չի լսել Հայոց ցեղասպանության մասին. «Ապշեցի, թե ինչու ոչինչ չգիտեի այդ մասին: Թեեւ շատ տխուր է, բայց ես գոհ եմ, որ իմացա այս անարդարության մասին, եւ հուսով եմ, որ ԱՄՆ-ը, ի վերջո, կճանաչի այս ողբերգությունը: Աստված օրհնի հայ ժողովրդին»:

Իսկ տեղի ավագ դպրոցի աշակերտուհիներից մեկը հուզված ասել է. «Սարսափելի է` ինչպես են այդ մարդկանց հետ վարվել: Ինչպե՞ս կարելի է այսչափ դաժան լինել, հետո ձեւացնել, թե ոչինչ չի եղել»:

Նորաբաց թանգարանը Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության թանգարանի փոքր կրկնօրինակն է: Բացի Ցեղասպանության ահասարսուռ պատկերներից, թանգարանի սրահում ներկայացված են Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները, աշխարհի տարբեր երկրներում գտնվող` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մանրակերտերը, նկարիչների, բանաստեղծների, երգահանների ստեղծագործություններ, որոնք անդրադառնում են Մեծ եղեռնին:

Կոմիտեն հույս ունի, որ մի օր Լոս Անջելեսի  Հանդուրժողականության թանգարանից իրավունք կստանա եւ մշտական ցուցադրություն կկազմակերպի Հայոց ցեղասպանության մասին: