կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-19 05:00
Առանց Կատեգորիա

Կեղտոտ խաղեր

Կեղտոտ խաղեր

2000 թվականի ապրիլի 23-ն էր: Աղջիկս, որ այն ժամանակ դեռ դպրոցական էր, տուն մտավ և ոգևորված ասաց. «Հայրի'կ, ես այսօր տուն չեմ գալու: Հսկման գիշեր է լինելու»: Իմ զարմացած հայացքին ի պատասխան` հնչեց առաջարկ. «Կգա՞ս, ասել են ծնողներն էլ կարող են մասնակցել»: Այդ երեկո ես և կինս միացանք մեր աղջկան ու մասնակցեցինք ջահերով երթին, որն ավարտվեց լուսաբացին` Եղեռնի զոհերի հիշատակին վառվող անմար կրակի մոտ: Մեղմ անձրևը հաջորդ օրվա բացվելուն զուգընթաց ուժեղացավ: Ապրիլի 24-ի առաջին ժամերին սելավ էր, բայց երիտասարդներն ու երեխաները անկոտրում էին իրենց որոշման մեջ: Ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն սկսվել էր, և առաջին այցելուները նրանք էին` մեր ապագան, ովքեր զոհերի հուշարձանը «հսկեցին» մինչև լուսաբաց: Հետո` տարին տարվա վրա, ջահերով երթի մասնակիցների շարքերը ստվարացան, և այն դարձավ ավանդույթ: Այժմ, եթե նույնիսկ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այն չկազմակերպի, միևնույն է, ջահերով երթը կլինի: ՀՅԴ-ի նախաձեռնությունն արդեն համահայկական է, և լավ է, որ այդպես է:

 

Բայց արի ու տես, որ այս նախաձեռնությունը կամ արդեն ավանդույթը խորթ է որոշ մարդկանց: Նրանք այսօր ղեկավար պաշտոններ են զբաղեցնում և հարկ եղած դեպքում արտերկրում ներկայացնում են մեր հանրապետությունը: Նրանք ապրիլի 24-ին հաստատ այցելելու են Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ են դնելու Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանին և հայացքով փնտրելու են տեսախցիկները, որ մեկ անգամ ևս հեռուստաէկրաններին երևալու առիթը բաց չթողնեն: Որովհետեւ կարևորը նրանց համար «երևալն է», մնացածը ավելորդություն են համարում. «Դե մեռել գնացել են, ի՞նչ իմաստ ունի… Կարևորը` շեֆերը գոհ լինեն»:

 

Քաղաքապետարանում մտածել են, մտածել ու ... մերժել են ՀՅԴ-ի` ապրիլի 23-ի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ Ազատության հրապարակից սկսելու մասին հայտը: Հիմնավորումն էլ ցնցող է`այդ օրը հրապարակում նախատեսված են մարզամշակութային միջոցառումներ: Այս մարդիկ, փաստորեն, կա'մ չեն ուզում մտածել, կա'մ զուրկ են մտածելու ունակությունից, այլապես մերժումը չէին հիմնավորի, թե Ազատության հրապարակում մարզամշակութային միջոցառում է անցկացվելու: Ըստ երևույթին` քաղաքապետարանի այդ պաշտոնյաներն իրենք իրենցից «խրտնած» են և արդեն չեն էլ տարբերակում միջոցառումների ձևն ու ոճը: Այն, ինչ իրենց կազմակերպածը չէ, այսինքն` տոնավաճառ, կանանց բաղաձայն երգչախմբի «համերգ», ասմունքի երեկո, բատուտ, հեծանիվ, «չլիկ դաստայի» կամ «էշ մլիցայի» քաղաքային մրցաշար, վտանգավոր է: Անգամ եթե դա կազմակերպված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դե, զգուշանում են, բա որ հանկարծ ներկայիս թուրքիայի հասցեին վատ-վատ բաներ ասեն ու շեֆերին դուր չգա՞:

 

Բանը հասել է նրան, որ իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ցինիկաբար Դաշնակցությանը խորհուրդ է տալիս ոստիկանների հետ բանակցել: «Գիտեք, որ ՀԱԿ-ին նույնպես թույլտվություն տրված չէր Ազատության հրապարակում, բայց իրենք, ի վերջո, բանակցելով ոստիկանների հետ, եկան, անցկացրեցին: Դաշնակցություն էլ թող փորձի ոստիկանների հետ բանակցի… Գուցե թույլ տան»,- ասել է նախկին դիսիդենտը (համենայն դեպս, այդպես ասում են, ինքն էլ չի մերժում, որ դիսիդենտ է եղել):

 

Անշուշտ, ո'չ նախկին դիսիդենտները, ո'չ էլ ներկա պաշտոնյաները չեն, որ որոշելու են երիտասարդների երթի ընթացքը: Կարող է լինել հակառակը` երիտասարդ սերունդն ավելի նպատակասլաց է և ավելի անկեղծ իր մտածումներում, որից, կարծում եմ, պետք է զգուշանան «նախկիններն ու ներկաները»: Իսկ այն, որ երթը կլինի «առանց բանակցության», կասկածներ չունեմ...

 

Աղջիկս, որ նախորդ երկու տարիներին արտասահմանում ուսանելու պատճառով չէր կարողացել մասնակցել երևանյան ավանդական ջահերով երթին, առավոտյան ինձ ասաց, որ տարօրինակ երազ է տեսել: Իբր երիտասարդները կազմակերպել են ավանդական ջահերով երթը, իսկ ինքը չի իմացել ու չի մասնակցել: Եվ սարսափահար արթնացել էր այն մտքից, թե ոնց կարող էր նման բան լինել… Չէ, հաստատ մտածելու բան ունեն «նախկիններն ու ներկաները»: Նոր սերունդ է գալիս, վտանգավոր, վճռական, հաստատակամ և, ամենակարևորը, «օճառային» մասնագիտացումից շատ հեռու…

 

Հիմա եմ հասկանում, թե ոնց է լինում, որ քաղաքապետարանում մերժում են, իսկ նախկին դիսիդենտը խորհուրդ է տալիս բանակցել ոստիկանների հետ: Հետո էլ ասում են` «դիսիդենտ»

 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ