կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-19 04:38
Առանց Կատեգորիա

Հույսի և հիասթափության արանքում

Հույսի և հիասթափության արանքում

Եթե օրերս վարչապետը բաց տեքստով չխոսեր օլիգարխների եւ մոնոպոլիստների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, թերևս այս թեմային չանդրադառնայի: Որքա՞ն կարելի է անարդյունք խոսել, գրել, մատնացույց անել: Բայց, փաստորեն, գտնվեց մի բարձրաստիճան պաշտոնյա, որը թեկուզ ուշացումով, բայց խոսեց: Խոսեց ինչի մասին բազմիցս խոսվել էր, գրվել, նույնիսկ` ցուցադրվել (խոսքը հեռուստատեսություններին չի վերաբերում):

Եվ ամենևին չարժե զարմանալ, երբ առաջիկա օրերին մամուլը հեղեղվի տարբեր մեկնաբանություններով, վերլուծություններով, որոնց հիմնական բովանդակությանը, ինչպես իմ լավ բարեկամ, ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության տնօրեն Արիկ Թադևոսյանն էր կանխատեսել, «ուղղված» է լինելու վարչապետի դեմ:

Հնարավոր է, չեմ բացառում, որ այդպես լինի, որովհետև առկա լրատվական դաշտում, ցավոք, դերերն այնպես են բաշխված, որ այդ դաշտում «հայտնված» նյութերը կարդալիս հանճար պիտի լինես, որ ճիշտ կողմնորոշվես եւ եզրակացության հանգես: Մի խոսքով` այս լրատվական լաբիրինթոսում, որն ի դեպ ստեղծել և ուղղորդում են հենց իշխանությունները, շատ բնական է, որ այդպես էլ լինի:

Ցանկացած հասարակություն իրավունք ունի դժգոհելու, իսկ իշխանություններն էլ հենց դժգոհությունների հետևանքները վերացնելու համար են: Բայց արի ու տես, որ մեր իշխանությունները դրա համար չեն, այլ  դրանք խնամքով քողարկելու:

Այս ֆոնին, իրոք, շատ տարօրինակ էր օլիգարխների և մոնոպոլիստների մասով վարչապետի ելույթը: Մարդ, ով արդեն երեք տարի համարվում է Հայաստանի տնտեսության նավի նավապետը, միայն հիմա նկատեց խոչընդոտող հանգամանքները, այն դեպքում, երբ դրա մասին բազմիցս բարձրաձայնվել է:

Չեմ ուզում առաջնորդվել «Լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով: Արդեն շատ ուշ է: Ուշ է, որովհետև անհասկանալի է, թե ովքեր են մերօրյա օլիգարխները: Եթե դրանք այն չորս-հինգ կամ վեց հոգին են, ուրեմն նույն վարչապետը խորը թյուրիմացության մեջ է: Այլ հարց, որ նրան թույլատրել են խոսել` անուներ չնշելով:

Իսկ եթե չկան անուններ, այնքան էլ պարզ չէ` ում մասին է խոսքը և ում նկատի ունի վարչապետը` օլիգարխներ ասելով` հայտնի գործարարների՞ն, ԱԺ-ն «գրաված» փողատեր պատգամավորների՞ն, թե՞ հենց իր ղեկավարած կառավարության կազմում ծվարած պաշտոնյաներին, ովքեր օլիգարխացել են հենց գործարարներին «մզելով»:

Կարելի է եզրակացնել, որ ցուցակները դեռ չեն հաստատվել, այնտեղ` վերևում, այլապես կարելի էր ավելի բաց տեքստով խոսել եւ անցնել գործի: Եվ քանի որ վաղուց հասարակությունը կարծիք կազմելով է առաջնորդվում, ուրեմն կարելի է եզրակացնել մեկ բան ևս` սա հերթական էժանագին PR-ն է:

Անկեղծ ասած, չեմ ուզում հավատալ, որ հերթական անգամ խաբում են, բայց ինչպես ասում են` «տառապանքս փորձ ունի»: Եթե վարչապետն էլ է մտածում և արտահայտվում հասարակության գերակշիռ հատվածի պես, նշանակում է նույն կերպ է մտածում նաև երկրի նախագահը:

Այդ դեպքում ի՞նչն է խանգարում նրանց գործելու: Գործելու` ոչ թե խեղճ ու կրակ դասախոսներ կամ ԺԵԿ-ի պետեր ձերբակալելով, այլ իսկական շնաձկների անունները հրապարակելով: Ձուկը գլխից է հոտում, իսկ մեր երկրում, չգիտես ինչու, մաքրում են պոչից:

Թույլ տվեք մի եզրակացություն էլ անել. հավանաբար այնքան է ահագնացել արտագաղթի խնդիրը, այնքան մանր ու միջին ձեռնարկատերեր են հայտարարություններ անում բիզնեսի փակման և տեղափոխման մասին, որ այլ ելք չի մնում, քան ժամանակավորապես հույս «ներարկել» հասարակությանը, թե լավ է լինելու: Իհարկե, այս անգամ ևս կլինեն հավատացողներ, բայց սրանց վերջնական և արագ հիասթափությունն էլ ավելի կխորացնի երկրի դեմ ծառացած սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ինչպես նաև խաթարվող դեմոգրաֆիական խնդիրը: Ժամանակն արագ է թռչում, մանավանդ երբ շատերն արդեն «կապել են» իրենց կահկարասին:

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ