Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ բյուրոկրատական քաշքշուկներն իսպառ վերացնելու նպատակով կառավարությունն այսօր փոփոխություններ մտցրեց իր նախկին որոշումներից մեկում, ըստ որի` կարագացվի ու առավել թափանցիկ կդառնա վարորդական իրավունքի տրամադրման կարգը:
Մարդու հոգեկան վիճակի վերաբերյալ բժշկական տեղեկանքը, այսպես կոչված` «փսիխո»-ն, այսուհետեւ վարորդական իրավունք ստանալ ցանկացողներից չի պահանջվի:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի խոսքերով` հոգեկան հիվանդությունների եւ նարկոլոգիայի հետ կապված խնդիրների վերաբերյալ ոստիկանությունն ամսական երկու անգամ օն-լայն հաղորդագրություն կստանա առողջապահության նախարարության բազաներից, այն կտեղակայվի ոստիկանության համապատասխան ծառայությունում եւ կստուգվի հենց տեղում:
«Եթե մարդն ունի ակնհայտ նկատելի թերություններ` վերջույթի, դաստակի, ոտնաթաթի պակաս, աչքի տեսողության խնդիր, մի խոսքով` մեքենան վարելու համար վտանգավոր նշաններ, այս պարագայում միայն ճանապարհային ոստիկանության կողմից կնշանակվի լրացուցիչ բժշկական քննության»,- նշեց ոստիկանապետը:
Ա. Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ վարորդական իրավունքը կտրվի առանց համապատասխան դասընթացների, որոնք հաճախ ֆիկտիվ բնույթ են կրում եւ ուղեկցվում ավելորդ քաշքշուկներով ու անհարկի վճարումներով, իսկ արդյունքում մարդը նույնիսկ մեքենա վարել չի իմանում:
«Դա կարեւոր չէ. ովքեր անցել են, կբերեն տեղեկանքը, ովքեր չեն անցել, բայց գիտեն մեքենա վարել եւ բոլոր կանոնները, կարող են ներկայանալ, հանձնել քննությունը, ընդ որում` այն մեքենայի վրա, որով ցանկանում են, եւ իրենց վստահված մարդու ներկայությամբ»,- նշեց ոստիկանապետը` տեղեկացնելով, որ վարորդական իրավունքը դիմորդը կարող է ստանալ քննությունը հանձնելուց հետո հաշված ժամերի ընթացքում:
«Ես հասկանում եմ` սկզբից մի քիչ դժգոհություն կլինի մեր ժողովրդի մոտ, որովհետեւ խստացման արդյունքում դժգոհներն էլ են շատանալու, բայց դժգոհ կլինեն այն մարդիկ, ովքեր, իրոք, չեն տիրապետում ճանապարհային երթեւեկությանը եւ մեքենա վարելու կարգին»,- ասաց նա:
Ալիկ Սարգսյանի խոսքերով` կհստակեցվեն նաեւ մեքենաների մաքսազերծման, պետհամարանիշերի ձեռք բերման եւ հաշվառման կարգերը: «Այս պարագայում բոլոր սողանցքերը, կարծես, փակվում են, կոռուպցիոն բոլոր ռիսկերը վերացվում են, եւ մեր քաղաքացիների սպասարկումը կդառնա շատ դյուրին, թափանցիկ եւ հասկանալի, եւ այս դժգոհությունը, տարիների ընթացքում կարծրացած վիճակն իր ավարտը կունենա: Այն, ինչ տեսել եք նախկինում եւ, ինչու չէ, նաեւ այսօր, կդառնա հիշողություն»,- վստահեցրեց ոստիկանապետը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ մեր ոստիկանությունը կունենա լուրջ ձեռքբերումներ այս ոլորտում, այնպես, ինչպես անձնագրային ոլորտում, որտեղ այսօր կոռուպցիոն ռիսկերը բացակայում են, եւ իրականացված մոնիտորինգը ցույց է տալիս, որ կառավարության կողմից հաստատված կարգն ամբողջությամբ կիրառվում է:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ծառայությունների մոնիտորինգը շարունակվում է: