կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-16 15:45
Առանց Կատեգորիա

Ինչու են Ծառուկյանի հարցում ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կացուկամի մեջ

Ինչու են Ծառուկյանի հարցում  ՀԱԿ-ն ու  «Ժառանգությունը» կացուկամի մեջ

ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների կողմից փետրվարի 20-ին «շտապ համազգային հավաք» հրավիրելու որոշումն անսպասելի չէր: Նախագահ Սերժ Սարգսյանի աղմկահարույց ելույթին ի պատասխան արած իր հայտարարության մեջ Գագիկ Ծառուկյանը շեշտել էր հանրահավաքների շարք սկսելու մասին: Երկրորդ՝ այդ հայտարարության մեջ Ծառուկյանը նշում էր նախագահի հրաժարականի, ինչպես նաև արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, որը նշանակում էր գնալ «վա բանկ», և որով փաստացի վերացնում էր ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ ռազմավարական նպատակի՝ (արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրություններ) շուրջ առաջացած՝ փաստացի եռյակը փլուզման շեմին հասցրած տարաձայնությունները:

 

Գլխավոր հարցը, որն ընկած է առաջիկա հանրահավաքի նպատակի առանցքում այն է, թե ի՞նչ եղանակով է եռյակն իրականացնելու «չարիքի իշխանությունը հեռացնելու»`  Ծառուկյանի «կյանքի նպատակը»: Բայց սա բացարձակապես չի նշանակում, թե եռյակի գործը զգալիորեն հեշտացել է: Ընդհակառակը: Բանն այն է, որ եռյակն իր համար դեռևս չի պարզել՝ ի՞նչ խնդիր է լուծելու համաժողովրդական այն մոբիլիզացիան, որի մասին իր ելույթում խոսում էր ԲՀԿ ղեկավարը` Սերժ Սարգսյանին և նրա թիմին հեռացնելու միջոցով իշխանափոխություն կատարելո՞ւ, Գագիկ Ծառուկյանին հաջորդ նախագահը դարձնելո՞ւ, թե՞ ուրիշ մեկին իրենց ուսերի վրա իշխանության վերադարձնելու: Եթե խնդիրն իշխանափոխությունն է, ապա ինչպիսի՞ն է այն լինելու` զուտ ֆիգուրների փոխատեղո՞ւմ, թե՞ համակարգային կամ որակական իշխանափոխություն, որը ենթադրում է ոչ միայն համակարգը բացարձակապես նոր մարդկանցով փոխարինում, այլև խաղի նոր կանոնների սահմանում: Եթե հարցը, այնուամենայնիվ, Ծառուկյանին նախագահ դարձնելն է, ապա որքանո՞վ են դրան համաձայն ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը:

 

Անկախ նրանից, որ սկսված այս գործընթացը, գոնե արտաքուստ, կառուցվում է Ծառուկյանի նկատմամբ իշխանության քինախնդրության հենքի վրա, մեկ հարցում նախագահը ճիշտ է` Ծառուկյանը, ինչպես հայրենի բոլոր օլիգարխները, ո'չ իր կերպարով, ո'չ իր ինտելեկտուալ հնարավորություններով և ո'չ էլ քաղաքական հոտառությամբ ոչ մի կերպ չի տեղավորվում ոչ միայն նախագահի, այլև նույնիսկ, դասական իմաստով, քաղաքական գործչի կերպարում: Դարձնել նրան նախագահ, նշանակելու է հաղթահարել այդ ինստիտուտը արժեզրկելու նոր, ավելի խայտառակ նշաձող: Այս իրողությունը սրելու համար է, որ ՀՀԿ-ն, անտեսելով նույնիսկ Ծառուկյանի հետ ունեցած համատեղ անցյալը և դրանով նաև ինչ-որ չափով իրեն վարկաբեկելու հանգամանքը, հիմա լծվել է ԲՀԿ ղեկավարից անհասկացող, ընդհուպ` օլիգոֆրենի ինչ-որ կերպարի ձևավորմանը:

 

Բացի դրանից՝ իր հայտնի ելույթում Սերժ Սարգսյանը պարզորոշ հասկացրեց, որ սկսվելու է Ծառուկյանի իրավական և տնտեսական հետապնդման պրոցես, որի արդյունքը կարող է լինել շատ կոնկրետ հանցագործությունների մեջ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելը և դրանց հիման վրա կալանավորելը: Այս հեռանկարն, իհարկե, դրդում է հենց սկզբից դրանց ուղղված` իշխանության բոլոր ձեռնարկումները ներկայացնել Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հալածանքների և հաշվեհարդարի պրիզմայով: Սակայն դա հիմնավոր է լինելու այն դեպքում, եթե Ծառուկյանին առաջադրվելիք մեղադրանքները շինծու լինեն: Մինչդեռ Ծառուկյանը, ինչպես հայաստանյան բազմաթիվ այլ, այդ թվում` նաև ՀՀԿ-ում հանգրվանած օլիգարխներ, այն ֆիգուրը չէ, որի անմեղության մեջ կարելի միանշանակ վստահ լինել:

 

Այդ հանգամանքը չի կարող զգուշավորության չմղել ՀԱԿ-ին ու «Ժառանգության»-ը: Ծառուկյանին կրծքով պաշտպանելու դեպքում, չի բացառվում՝ նրանք կարող են հայտնվել ոչ միայն պոտենցիալ հանցագործին պաշտպանողի, այլև նրան նախագահ դարձնողի կարգավիճակում: Բացարձակ պատահական չէ, որ նախագահի ելույթի և դրանից հետո երկրում ստեղծված նոր քաղաքական իրադրության մասին արած հայտարարություններում թե' ՀԱԿ-ը և թե' «Ժառանգություն»-ը գրեթե բացահայտ արտահայտում են իրենց զգուշավորությունն այս հարցում:

 

ՀԱԿ-ը, Սերժ Սարգսյանի ելույթը դիտարկելով որպես Ծառուկյանի նկատմամբ «քաղաքական» հաշվեհարդարի նախերգանք, հայտարարության մեջ, այնուամենայնիվ, ընդգծում է. «Այն մեղադրանքները, որ ապրիորի ներկայացվում են Գագիկ Ծառուկյանին, տասնապատիկ ծավալով ու ակնհայտ փաստերով վերաբերում են ՀՀԿ «էլիտայի» 90%-ին»: Այսինքն` ՀԱԿ-ը ոչ թե բացառում է Ծառուկյանի կողմից հնարավոր հանցագործություներ կատարած լինելու հանգամանքը, այլ շեշտադրումը կատարում է դրանց ծավալների և ըստ այդմ՝ նախագահի կողմից արդար մոտեցում չցուցաբերելու վրա:

 

«Ժառանգության» դիրքորոշումը ոչ միայն զգուշավոր, այլև նույնիսկ խուսափողական կարելի է համարել: Խոսելով ստեղծված նոր իրավիճակի մասին՝ առանց Ծառուկյանի կամ ԲՀԿ-ի դեմ սկսված պրոցեսների հիմնավորվածության մասին որևէ ակնարկ անելու` «Ժառանգությունը» ընդամենը շեշտում է. «Կուսակցությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, պայքարելու է քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների համար՝ հետամուտ լինելով պետականության ամրապնդման եւ հասարակության շահերի պաշտպանությանը»:

 

ՀԱԿ-ի ու «Ժառանգության» համար ոչ պակաս կարևոր է նաև հասկանալ՝ արդյո՞ք սա ԲՀԿ-ի գործոնի խաղարկմամբ իշխանության վերարտադրման ՀՀԿ-ԲՀԿ հերթական խաղն է, թե՞ ջրբաժանը վերջնական է, և Ծառուկյանն իսկապես իշխանության դեմ պատերազմ է սկսել: Այս հարցն, ի դեպ, հետաքրքրում է գրեթե ողջ հանրությանը, և հենց դա է պատճառը, որ մարդկանց ու փորձագետների մի ստվար մաս, գոնե առայժմ, նախընտրում է մնալ հանդիսատես:

 

Եվ, վերջապես, ամենակարևոր հարցերից մեկը, որի պատասխանը հետաքրքրում է առաջին հերթին հենց ՀԱԿ-ին ու «Ժառանգության»-ը, այն է, թե ո՞րն է այս ամենում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերը, արդյոք այն կապվա՞ծ է իշխանությունը վերադարձնելու նրա քաղաքական պլանների հետ: Երբեք չհամակերպվելով դրա հետ՝ այս ուժերը փորձելու են ԲՀԿ-ից հստակ երաշխիքներ ստանալ, որ, օժանդակելով նրան, ակամա չեն դառնալու Քոչարյանին վերադարձնելու գործիք: Իրավիճակն ավելի անորոշ է դարձնում հատկապես այս օրերին Քոչարյանի կողմից լռություն պահպանելը:

 

Ահա այս հարցերի պատասխաններն է, որ եթե ոչ ամբողջությամբ, ապա մասամբ ձգտելու են հանրահավաքում Գագիկ Ծառուկյանից ստանալ նրան սատարելու ցանկություն ունեցող ուժերը և, ըստ դրա, որոշել իրենց հետագա մասնակցության նպատակահարարությունը: Թերևս դա է պատճառը, որ եռյակը քաղաքապետարանին իրազեկել է միայն մեկօրյա հանրահավաքի վերաբերյալ, թեեւ Ծառուկյանն իր ելույթում խոսում էր «անդադար հանրահավաքներ» սկսելու մասին: Բացի դրանից՝ խոսուն է նաև այն փաստը, որ հանրահավաքը հրավիրվում է ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականի հստակ պահանջի, այլ ընդամենը «քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով որոշում կայացնելու»` ընդհանրական ձևակերպման ներքո: Դա այն դեպքում, երբ որոշումը՝ գնալ միայն արտահերթ ընտրությունների, Ծառուկյանն արդեն կայացրել է, և հանրահավաքը պետք է ընդամենը այն վավերացներ:

 

Գևորգ Աղաբաբյան