կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-05 13:00
Քաղաքական

Ինչո՞ւ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն մասնակցում սահմանադրական փոփոխությունների քննարկմանը

Ինչո՞ւ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն մասնակցում սահմանադրական փոփոխությունների քննարկմանը

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել էր քննարկում` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ` ԱԺ պատգամավորների, քաղաքական կուսակցությունների, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության մասնակցությամբ:

 

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ սահմանադրական շատ հոդվածներ մնում են կարգախոսային մակարդակում, որովհետև  դրանց իրականացման համար  չկան համապատասխան մեխանիզմներ:


ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ Սահմանադրության շատ  դրույթներ մնում են կարգախոսային մակարդակով, որովհետև  չկա դրանք իրագործելու քաղաքական կամք, նաև այն պատճառով, որ շատ դեպքերում կան մարդիկ, ովքեր իրենց վեր են դասում Սահմանադրությունից:

 

Լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն կհայտարարի, որ սահմանադրական փոփոխությունների քննարկումներ  նախաձեռնելու օրակարգը կեղծ օրակարգ է, որը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել շատ ավելի կարևոր հարցերից` արտագաղթից ու  սոցիալական ծանր պայմաններից:


Գագիկ Հարությունյանը հակադարձեց Նաիրա Զոհրաբյանին` ասելով. «Ինձ համար կարևոր է ոչ միայն քաղաքական կամքը,  այլև իրավական համակարգի մեխանիզմը»:


ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ ՀԱԿ-ը չի ցանկանում մասնակցել  հարցի բովանդակային քննարկմանը: «Մենք գտնում ենք, որ այսօր չկա սահմանադրական փոփոխությունների հասարակական, քաղաքական պահանջ, չկա սահմանադրական ճգնաժամ: Տապալվել են արտաքին եւ ներքին մարտահրավերներին դիմակայելուն ուղղված անհրաժեշտ գործողությունները, տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծումները, երկիրը ժողովրդագրական աղետի շեմին է»,- նշեց նա` հավելելով, թե այս փոփոխությունը միայն իշխանություններն են ցանկանում:


Արամ Մանուկյանի համոզմամբ` սահմանադրական փոփոխությունները միայն իշխող ուժի խնդիրն են լուծում, և իշխանություն պահելու խնդիր կա: «Մենք գտնում ենք, որ սա հասարակությանը շեղելու միջոց է: Մենք հայտարարում ենք, որ չենք մասնակցելու սահմանադրական փոփոխությունների բովանդակային որևէ քննարկման»,- հայտարարեց նա


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնպես նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցում սահմանադրական փոփոխությունների քննարկումներին: «Այսօր դիրիժորը համերգասրահից կիլոմետրերով հեռու է, իսկ երաժիշտներն ամեն ինչ են, բացի երաժիշտ լինելուց, ուստի ժողովուրդը հետաքրքրված չէ այս փոփոխություններով: Ցավում եմ, որ ՍԴ նախագահն է նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որովհետև, որպես անկախ դատական բարձրագույն մարմնի նախագահ, նա չպետք է մասնակցեր քաղաքական պրոցեսներին, իսկ սահմանադրական փոփոխությունը դա քաղաքական պրոցես է, և շահերի բախում չպետք է տեղի ունենար»,- ասաց նա` հավելելով, որ ոչ լեգիտիմ ձևով ընտրված իշխանությունները չէ, որ պետք է նախաձեռնեն սահմանադրական բարեփոխումներ:


Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նշել էր, որ թե' իշխանությունը, թե' ընդդիմությունը իրենց կարևոր դերն ունեն մեծ քաղաքական նվագախմբի մեջ, իսկ դիրիժորը պետք է լինի ժողովուրդը:


Գագիկ Հարությունյանը հակադարձեց` ասելով, որ թեև հարգում է յուրաքանչյուր քաղաքական կուսակցության դիրքորոշումը, սակայն առաջին անգամը չէ, որ ինքը մասնակցում և նախաձեռնում է սահմանադրական փոփոխությունների քննարկումներ: Նա նշեց, որ իր բազմաթիվ կոլեգաներ տարբեր երկրներում նույնպես մասնակցում են սահմանադրական փոփոխություններին:


ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հայտնեց, որ ՀՅԴ-ն մասնակցելու է այսդ քննարկումներին: