կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-08 06:21
Քաղաքական

Հայաստանի նախագահը` Արմավիրի մարզում

Հայաստանի նախագահը` Արմավիրի մարզում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Նա ներկա է գտնվել Այգեկ համայնքի նորակառույց դպրոցի բացման արարողությանը, շրջել շենքում, ծանոթացել նորակառույց դպրոցի պայմաններին: Սերժ Սարգսյանն այցելել է նաև մարզի մի շարք ընկերություններ, մասնավորապես` Արևշատ համայնքում գտնվող «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ:

Մարզի Էջմիածնի վարչական տարածքում հանրապետության ղեկավարն այցելել է «Ամստեր ֆլաուերս» և «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություններ, շրջել ծաղկաբույսերի և սնկի աճեցման արտադրամասերում, ծանոթացել ջերմատների կառուցման աշխատանքներին:

Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում նախագահը ներկա է եղել Շենիկի ինքնահոս համակարգի գործարկմանը, որի շնորհիվ Տալվորիկի ջրօգտագործողներն ապահովվում են ոռոգման ջրով: Նշվել է, որ նախքան ինքնահոս համակարգի վերականգնումը, ոռոգվել է 600 հեկտար հողատարածք, իսկ աշխատանքների ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան ևս 500 հեկտարով` ընդհանուր ոռոգելի հողատարածքները հասցնելով 1100 հեկտարի:

Համաշխարհային բանկի և Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի վերջին երկու տարիների համագործակցության արդյունքում վերականգնվել են Թալինի մայր ջրանցքի առավել քայքայված հատվածներն ու կառուցվածքները, և ներկայումս այն Շենիկի ինքնահոս համակարգը սնուցող հիմնական ջրաղբյուրը: Հանրապետության ղեկավարին ներկայացրել են նաև Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի հիմնական աշխատանքներն ու ընթացիկ նախագծերը:

Մարզի Արաքս համայնքում Սերժ Սարգսյանն այցելել է Արմավիրի մայր ջրանցքի տեղամաս, ծանոթացել կատարված աշխատանքներին: Նշվել է, որ ջրաղբյուրը Արաքս գետն է, իսկ ջրընդունիչի գլխամասային կառույցը, որը կառուցվել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորված Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում, ունի միջպետական նշանակություն: Երկրի ղեկավարին զեկուցվել է, որ Արմավիրի ոռոգման համակարգը սպասարկում է 23.900 հեկտար: