կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-02 02:57
Տնտեսական

Գյուղատնտեսությունը ոտքի հանելու համար...

Գյուղատնտեսությունը ոտքի հանելու համար...

Նախորդ տարի  գյուղատնտեսության անկումը կազմեց 14.5 տոկոս, ինչը բավական լուրջ ազդեցություն ունեցավ ՀՆԱ-ի ցուցանիշի վրա, ինչպեսեւ խթանեց գնաճը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանն ասաց, որ այս տարի քայլեր են կատարվելու գյուղատնտեսության բնագավառում աճ ապահովելու համար:

Առաջին հերթին` սկսվելու է վարկային հատուկ ծրագիր, որի շրջանակներում աղքատ համայնքներում բնակվող գյուղացիներին վարկերը տրվելու են 14 տոկոս տոկոսադրույքով, որի 4 տոկոսը սուբսիդավորվելու է պետության կողմից:

Վարկավորումը տեղի է ունենալու տեղական արժույթով` ի տարբերություն նախորդ տարիների, երբ վարկեր տրվում էին նաեւ արտարժույթով, ինչի պատճառով  գումարային կորուստների ռիսկեր կային:

Երկրորդ հարցը վերաբերում է պարարտանյութերին: Մինչ այժմ պարարտանյութը ներկրվել է, այնինչ մեզ մոտ կա օրգանիկ պարարտանյութերի արտադրություն: Այս դեպքում կան մի քանի առավելություններ. այն ավելի էժան է եւ չի վնասում հողի բաղադրությունը երկար օգտագործման դեպքում:

Պետությունը որոշել է պարարտանյութ արտադրող ընկերությանը ֆինանսավորել 100 տոկոս վարկով` 50 միլիոն դրամի չափ: Ֆինանսավորվելու են նաեւ  այն տնտեսվարողները, որոնք կգնեն այդ պարարտանյութը: Նախատեսվում է, որ առաջին տարվա ընթացքում պարարտանյութը կկարողանա բավարարել մեր երկրի պահանջարկի 50 տոկոսը, իսկ հետագա տարիների ընթացքում` ամբողջությամբ:

Հաջորդը սերմացուի ապահովման խնդիրն է: Անցյալ տարվա ընթացքում ներկրվել է  ցորենի մեծաքանակ սերմացու, իսկ այս տարի ներկրվելու է նաեւ գարու սերմացու: Դրանք առաջին հերթին տրվելու են ավելի աղքատ համայնքներին: