Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանն Aravot.am-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Երևանի կենտրոնից բուհերի տեղափոխելուն` մասնավորապես նշել է. «Տեսեք, Պոլիտեխնիկն էլ է պատմական, բայց եթե գնում ենք տեխնոլոգիական բուհի գաղափարին, տեխնոլոգիական բուհը ենթադրում է լուրջ տեխնոլոգիական բազա, ինչն այսօրվա պոլիտեխնիկի շրջակայքում դժվար է պատկերացնելը: Նույնն էլ այսօրվա Գյուղատնտեսական ակադեմիային է վերաբերում: Այսօր հնարավոր չէ ստանալ լիարժեք գյուղատնտեսական կրթություն՝ միայն լսարանում, պետք է ունենալ բազաներ, արոտավայրեր, ֆերմաներ, տեխնիկա, ու լավ կլինի, որ լսարանը հեռու չլինի այդ ամենից, լսարանից պետք է հեշտությամբ տեղափոխվել տեխնոլոգիաների մոտ, ոչ թե գալ Աբովյան պուրակում դաս անել, հետո գնալ Բալահովիտ կամ Արմավիրի մարզի ինչ-որ դաշտ: Ֆունդամենտալ կրթության համար ներշնչող միջավայրը կարեւոր է, օրինակ` մանկավարժական համալսարանի հիմնական մասնաշենքի շուրջ անընդհատ սլացող մեքենաներ են, ձայնային ազդանշաններ… Դա բուհական միջավայր չէ»:
Հիմա հերթականությամբ անդրադառնանք մի քանի տարի կրթության ոլորտը ղեկավարած Դումանյանի մտքի գոհարներին:
1. Կցանկանայինք, որ Դումանյանը առաջիկայում բանավոր խոսեր Պոլտեխնիկին անհրաժեշտ տեխնոլոգիական բազայի և դրա հետ կապված ներկայիս տեղակայման պայմաններում խոչընդոտների մասին: Իհարկե առարկայական:
2. Մանկավարժական համալսարանի շուրջ անընդհատ սլացող մեքենաների, ձայնային ազդանշանների պատճառով ֆունդամենտալ կրթության համար ներշնչող թերի միջավայրը վկայակոչելիս՝ Դումանյանը, թերևս, պետք է հիշեր, որ հարցազրույցում իր կողմից նշած երկու բուհերի՝ ԵՊՀ և ԵՊԲՀ կողքերով անցնում են ազդանշանաշատ փողոցներ (Հերացի, Աբովյան, Ալեք Մանուկյան, Կորյուն): Այս 2 բուհերը պակաս կարևոր ֆունդամենտալ կրթական ծառայություն չեն մատուցում մանկավարժականի համեմատ: Իսկ արտերկրում ազդանաշնաշատ փողոցների և բուհերի ներդաշնակ բազմաթիվ համադրություններ ԿԳՄՍ նախկին նախարարը կարող է գտնել՝ ապավինելով google-ին:
Այժմ գյուղատնտեսական ակադեմիայի մասին
1. 2020-2022 թթ. ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը պետք է իմանար, որ 2024 թ. ՀՀ-ում գյուղատնտեսական ակադեմիա անունով բուհ չկա: Այն վերանվանվել է 20 տարի առաջ: Չկա ժողհամալսարան, ժողինստիտուտ: Կա ԵՊՀ և տնտեսագիտական համալսարան:
2. Ըստ Դումանյանի՝ ագրարային համալսարանը չպետք է լինի քաղաքի կենտրոնում: Դումանյանին կրկին խորհուրդ ենք տալիս դիմել google-ի օգնությանը և տեսնել, թե ինչպես միջազգային բարձր վարկանիշ ունեցող գյուղատնտեսական բազմաթիվ բուհեր տեղակայված են քաղաքների կենտրոնում: Նույնը վերաբերում է նաև հետխորհրդային երկրներին: Ի դեպ, Փաշինյանի հերթական փչոց Ակադեմիական քաղաքը ևս Երևանում է նախատեսված, Կենտրոն վարչական շրջանում բուհերն ընդամենը տեղափոխվելու են Աջափնյակ վարչական շրջանի ինչ-որ մի անհայտ ու պատահական տարածք, ի՞նչ տարբերություն, սակայն, թե Երևանի որ մասում են դրանք: Հետևաբար՝ պարզ է, որ հնարածին Ակադմիական քաղաքը ևս չի ունենալու բազաներ, արոտավայրեր, ֆերմաներ, տեխնիկա և այլն, ինչով փորձում են ոմանք «հիմնավորել» Փաշինյանի՝ բուհեր փակելու և էլիտան ոչնչացնելու հերթական դավադիր ծրագիրը:
3. Ըստ Դումանյանի՝ ագրարայինը պետք է ունենա բազաներ, արոտավայրեր, ֆերմաներ, տեխնիկա, ու լավ կլինի, որ լսարանը հեռու չլինի այդ ամենից, լսարանից պետք է հեշտությամբ տեղափոխվել տեխնոլոգիաների մոտ, ոչ թե գալ Աբովյան պուրակում դաս անել, հետո գնալ Բալահովիտ կամ Արմավիրի մարզի ինչ-որ դաշտ: Դումանյանի աշխարհացունց գաղափարներն արտահայտելուց տասնամյակներ առաջ, 1930 թվականից սկսած՝ Խորհրդային Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսական 2 բուհերին հատկացրել է իր նշած բազաները, ֆերմաները, արոտավայրերը ներկայիս Արմավիրի և Կոտայքի մարզերում, որոնք շատ մոտ են Երևանին (իհարկե, մեքենայով գնալու դեպքում): Լսարաններն ու իր նշած արոտավայրերը, որոնք նախատեսված են գյուղատնտեսական կենդանիների համար, չեն կարող իրար մոտ լինել: Ի դեպ պարզ է, թե ինչո՞ւ է Դումանյանի մեջ տպավորվել Բալահովիտը, սակայն չի տպավորվել Արմավիրի ինչ-որ դաշտի անունը: Արմավիրի ինչ-որ դաշտն էլ պակաս Բալահովիտ չէր:
4. Եթե Դումանյանը շարունակի զարգացնել բուհերի տեղակայման իր տրամաբանությունը, կարող ենք օգնել իրեն: Իր հարազատ ֆակուլտետը կարող ենք տեղակայել ինչ-որ մի մարզի ինչ-որ մի դաշտում կամ ինչ-որ մի ձորում: ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը կարող է լինել ԶՊՄԿ-ի, Պոլիտեխնիկի քիմիականը՝ Նաիրիտի, ԵՃՇՊՀ շինարարաությանը՝ Աշտարակի կամրջի, ԵՊԲՀ դեղագիտականը՝ իր տան ամենամոտ գտնվող դեղատան մոտ:
5. Եթե Դումանյանը գտնում է, որ ագրարային համալսարանը չպետք է լինի Երևանում, ապա ինչու՞ էր իր ղեկավարած ԿԳՄՍ նախարարությունը անտեղի ծախս անում Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին և բացում Անասնաբուժական կրթագիտական կենտրոն, իսկ ինքն իրեն բնորոշ լայն ժպիտով կտրում կարմիր ժապավենը և լուսանկարվում խոշոր եղջերավոր կենդանու մուլյաժի ֆոնին:
Հ.Գ. Ի դեպ ագրարային համալսարանը ներկայիս աղետալի վիճակին հասցվել է Դումանյանի՝ որպես նախարարի և համալսարանի ղեկավարության համաձայնեցված և համատեղ գործունեության, ինչպես նաև գյուղատնտեսության ու ագրարային կրթության մասին մակերեսային պատկերացումներ ունենալու պատճառով: Պատասխանատվության պահը գալու է: