Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարենային անվտանգության խնդրին է այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Հարգելի հայրենակիցներ,
Երկրի պարենային անվտանգությունը նրա ազգային անվտանգության անբաժանելի մասն է ։ Պարենային անվտանգության ապահովումը պետական քաղաքականության գերակա ուղղությունն է, քանի որ ընդգրկում է ազգային, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական եւ բնապահպանական գործոնների լայն շրջանակ:
Պետության պարենային անվտանգության աստիճանը կախված է գյուղատնտեսական արտադրության բազային ներուժից։ Պարենային անվտանգության ապահովման բնագավառում ագրարային քաղաքականությունը պետք է ուղղված լինի հայրենական գյուղատնտեսական արտադրողին օգնություն ցուցաբերելուն՝ պետական հովանավորչության ռազմավարության օգտագործմամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարենային անվտանգությունն ապահովելու համար նրանց սպառած սննդի գերակշիռ մասը պետք է արտադրվի սեփական գյուղատնտեսության ոլորտում։ Իրերի իրական վիճակը այսօր վկայում է մեր երկրում պարենային անվտանգության լուրջ խնդիրների մասին: Դա պայմանավորված է ազգային տնտեսության բոլոր ոլորտներում առկա համակարգային ճգնաժամով:
Անցած շաբաթ գործընկերներիս հետ Շիրակի մարզում էինք։ Ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, վերջիններս իրենց մտահոգությունը հայտնեցին դիզվառելիքի և պարարտանյութի բարձր գների,առաջիկա ոռոգման սեզոնին ժամանակին ջուր ունենալու,հացահատիկի և կարտոֆիլի մթերման ցածր գների հետ կապված։
2022թվականի բերքահավաքի ժամանակ հացահատիկի գինը 165-175 դրամ մեկ կիլոգրամի համար։
2023 թվականի բերքահավաքի ժամանակ հացահատիկի կիլոգրամն արդեն արժեր 70-80 դրամ։
2021 թվականին Հայաստանը սպառել է 367 հազար տոննա ցորեն,որից միայն 97 հազար տոննան է աճեցվել տեղում։ Մնացածը ներմուծվել է՝ հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից։
Նույն տխուր վիճակագրությունը շարունակվել է անցած տարիների ընթացքում։
Ցորենի և մի շարք այլ մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը մեր հանրապետությունում շարունակում է ցածր մնալ:
Պետական լուրջ աջակցության բացակայության,մթերման ցածր գների պատճառով շատերը մեծ վնասներ են կրել և լիովին տրամաբանական է, որ Շիրակի մարզում կրճատվում են ցորենի ցանքատարածությունները:
Գյուղացիներին թողնելով մեն -մենակ բազմաթիվ խնդիրների ու հոգսերի հետ,տպավորություն է ստեղծվում,որ իշխանությունները կարծես միտումնավոր ամեն ինչ անում են, որպեսզի արժեզրկեն հայկական արտադրանքը, ոչնչացնեն ազգային գյուղատնտեսությունը։
Ոլորտի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ամրապնդել և զարգացնել գյուղոլորտում արտադրողների ներուժը, ինչը կնպաստի պարենային անվտանգության համակարգերի ստեղծման:
Գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ,կոչ եմ անում համապատասխան գերատեսչություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել բարձրացրած խնդիրները լուծելու համար։
Գյուղացին ամեն րոպե պետք է զգա պետության աջակցությունը։
Մեր երկրի պարենային անվտանգությունն անմիջապես փոխկապակցված է ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների բարեկեցության հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։