կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-04 13:31
Տնտեսական

Գյուղատնտեսությունը 1.3 տոկոս աճ է ունեցել. Սերգո Կարապետյան

Գյուղատնտեսությունը 1.3 տոկոս աճ է ունեցել. Սերգո Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստը սկսելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչպես են իրականացվում գյուղմթերումները եւ ինչ իրավիճակ է ոլորտում:

 

Սերգո Կարապետյանը, ներկայացնելով այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները, հայտնեց, որ արդեն ամփոփվել են հունվար-մայիս ամիսների արդյունքները, եւ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1.3 տոկոս աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ,  ընդ որում` բուսաբուծության ոլորտն ունի 0.8 տոկոս աճ, անասնապահության ոլորտը` 1.4 տոկոս աճ, իսկ ձկնաբուծությունը` 35.2 տոկոս:

 

«Ես համոզված եմ, եւ այսօրվա դիտարկումներն էլ ցույց են տալիս, որ մինչեւ տարեվերջ մենք ունենալու ենք բարձր բերք, հատկապես` հացահատիկային կուլտուրաների աննախադեպ բերք, որովհետեւ կլիմայական պայմանները բարենպաստ են եղել: Ու բոլոր նախադրյալները կան` ասելու, որ մինչեւ տարեվերջ կապահովենք բարձր ցուցանիշներ»,- ասաց գյուղնախարարը:

 

Գյուղնախարարը անդրադարձավ նաեւ կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին հատկացված եւ հատկացվող պետական օժանդակությանը:

 

«Հետեւանքների կանխման եւ վերացման առումով գյուղացիական տնտեսություններին տրվեցին 87 միլիոն դրամի 24 տոննա սերմեր: Եվ այդ սերմերի հաշվին կատարվեց լրացուցիչ 3800 հա կրկնացան: Այսինքն` բանջարաբոստանային կուլտուրաները, որ վնասված էին, ամբողջությամբ վերացանվեցին: Այսօր մենք դիտարկումների արդյունքում տեսնում ենք, որ բույսերը շատ լավ աճում են, ուղղակի որոշակի բերքահավաքի ուշացումներ կլինեն` մոտ 20-30 օրվա, որը բնական է, եւ գյուղացիները, միեւնույն է, լրացուցիչ բերք են ստանալու: Բոլոր գյուղացիական տնտեսությունները` 207 միլիոն դրամի չափով ազատվեցին հողի հարկից եւ 650 միլիոն դրամի չափով` ջրի վարձից: Լրացուցիչ պարարտանյութ տրամադրվեց Արմավիրի մարզի այդ գյուղացիական տնտեսություններին` 670 տոննա»,- նշեց գյուղատնտեսության նախարարը:

 

Նա ներկայացրեց նաեւ, թե 1599 սոցիալապես անապահով ընտանիքների արդեն տրվում են 50 հազար դրամի չափով օգնություններ: Բացի դրանից` սոցապ նախարարությունն իրականացնում է տնտեսվարողներին զբաղվածության խրախուսման եւ իրենց տնտեսությունների վերակազմավորման ծրագիր, որի արդյունքում 500 տնտեսությունների տրվելու է 171 միլիոն դրամի չափով օգնություն` իրենց աշխատանքներն ապահովելու համար:

 

Սերգո Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ 50 նոր հակակարկտային կայաններ պետք է տեղադրվեն Արմավիրի մարզում: Իսկ ամենակարեւորը, նշեց գյուղնախարարը, վարկերի հետաձգման խնդիրն էր: «Բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները անհատական աշխատանք են տանում բոլոր գյուղացիական տնտեսությունների հետ վարկերի հետաձգման հյարցով` մինչեւ 3 տարով, լրացուցիչ վարկերի տրամադրման, եւ ամենակարեւորը` արտարժութային վարկերի վերաձեւակերպման` դրամական տեսքով: Սա աննախադեպ օգնություն էր, որ տրվեց գյուղացիական տնտեսություններին»,- ասաց գյուղնախարարը:

 

Վարչապետը հետաքրքրվեց, թե Արմավիրի 47 համայնքներում, որոնք տուժել էին կարկուտից, ինչ-որ բերք սպասվո՞ւմ է, արդյոք, որին գյուղնախարարը պատասխանեց. «Իհարկե բերք կա, ծիրանի բերք` հատկապես: Այսօր երեւում է` հենց այն կարկահարված բերքը բոլոր վերամշակող ձեռնարկություները մթերում են, նույնիսկ այն բերքը, որը շուկայում չի կարելի վաճառել: Գյուղացիները բողոքում էին գնից, բայց իրենք էլ շատ լավ գիտակցում են, որ այդ բերքը նույնիսկ 50 դրամով շուկայում չի իրացվի, ուղղակի վերամշակող ձեռնարկություններն ըմբռնումով են մոտենում այս հարցին ու իրենց կողմից օժանդակում են գյուղացիական տնտեսություններին: Այն տնտեսություններում, որ մենք արձանագրել էին` 100 տոկոս բերքի կորուստ կա, իհարկե, այդպես չէ, որովհետեւ նույն համայնքներում կան տնտեսություններ, որ տուժել են 100 տոկոսով, այո’, տնտեսություններ կան, որ 50 տոկոսով, եւ այլն. տարբեր աստիճանների է եղել վնասը: Այսինքն` այդ համայնքներում բերք կա»,- ասաց Սերգո Կարապետյանը:

 

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը ԿԲ նախագահից հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է թեժ գծի զանգերի առումով: Արթուր Ջավադյանը հայտնեց, որ, ինչպես ներկայացվեց նախորդ անգամ, այն ժամանակ եղել է 97 բողոք` 20 օրվա ընթացքում, բայց երկրորդ 20-օրյակի ընթացքում կա ընդամենը 47 բողոք:

 

«Դրական զարգացումների մասին նաեւ վկայում են 10-օրյակների հաշվետվությունները` վերջին 10 օրվա մեջ ընդամենը 7 բողոք ենք ունեցել: Նույնիսկ արդեն ունենք բավականին դրական արդյունքներ, որ մարդիկ շնորհակալություն են հայտնում: Կառավարության համապատասխան որոշումներից հետո իրավիճակը կարելի է գնահատել բարվոք, գործընթացներն ամբողջությամբ վերահսկելի են: Օրական տրամադրվում են մոտավորապես 200-220 միլիոն դրամի վարկ: Մինչեւ օգոստոսի 1-ը ամբողջությամբ այդ գործընթացը կավարտվի»,- տեղեկացրեց ԿԲ նախագահը:

 

Այնուհետեւ վարչապետը դիմեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` ճշտելու, թե բյուջեից գյուղացիներին հատկացվելիք կանխիկ դրամի վճարումները երբվանից են սկսվելու: Նախարարը պատասխանեց, որ այսօրվանից. ցուցակները արդեն տրամադրված են, ով հայտ է ներկայացրել` 1600 ընտանիքի, վճարումները կարվեն: Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, որպեսզի հանձնարարական իջեցվի մարզպետերին` ցուցակները անպայման փակցված լինեն, եւ հանրությունը կարողանա վերահսկել նրանց, ովքեր կանխիկ օգնություն են ստանում պետությունից. «Որովհետեւ ինձ երեկ ահազանգում էին, որ մի քանի համայնքներում այդ ցուցակները չկան»: