կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-31 23:03
Իրավական

ՀԵՏՔ. Հիմա էլ զենք են դարձրել դատարանները

ՀԵՏՔ. Հիմա էլ զենք են դարձրել դատարանները

ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը «Հետքին» դատի կտա՞, եթե գրենք, որ նա գողանում է ՀՀ քաղաքացիների փողերը:

Դա կարող ենք հիմնավորել այսպես. նա ՀՀ հարկատուների վճարած հարկերից աշխատավարձ է ստանում, սակայն չի մասնակցում ԱԺ նիստերին, այսինքն` աշխատանքի չի գալիս: Եվ ամեն անգամ իր բացակայությունը պատճառաբանում է առողջական խնդիրներով, նույնիսկ բժիշկներից տեղեկանքներ է բերում:

Բայց ո՞վ չգիտի, որ բժիշկներից տեղեկանքներ կարելի է վերցնել որոշ գումար վճարելով, կամ ո՞ր բժիշկը կհամարձակվի հիվանդության տեղեկանք չտալ որեւէ պատգամավորի: Եվ միանշանակ կարելի է պնդել, որ Տ. Արզաքանցյանի` ԱԺ նիստերին չմասնակցելը նրա առողջության հետ որեւէ առնչություն չունի: Նա այդ ժամանակահատվածում տարբեր գործարքներ է իրականացրել տարբեր երկրներում:

Անհասկանալի է, թե նա ինչ խնդիր է փորձում լուծել` «Երկիր» օրաթերթին դատարան կանչելով: Պատգամավոր-գործարարն ուզում է ապացուցել, որ այն, ինչ գրված է իր մասին, չի՞ համապատասխանում իրականությանը: Չէ՞ որ տարիներ շարունակ այդ ամենի մասին գրել են ոչ միայն հայաստանյան, այլեւ այլ երկրների լրատվամիջոցներ:

Հնարավոր է` այս եւ մյուս օլիգարխներն են ոգեւորել Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Արա Սարգսյանին, ով դատական նիստի ժամանակ սպառնացել է դատի տալ «Հետքին»: Վերջինս դատարանի դահլիճում մի քանի անգամ զգուշացրել է հեռու մնալ Գյումրու քաղաքապետից եւ քաղաքապետարանից եւ հայտարարել, որ իրենք այսուհետ հրաժարվում են «Հետքի» ոչ միայն գրավոր, այլեւ բանավոր հարցումներին պատասխանելուց:

Ա. Սարգսյանին հաստատ թվում է, թե Գյումրու քաղաքապետարանն իր եւ Վարդան Ղուկասյանի «զոնն» է, իսկ իրենք, իբրեւ «զոն նայող», իրավունք ունեն որոշել` պատասխանե՞լ, թե՞ ոչ լրագրողների հարցումներին: Այդ «զոնում», ինչպես հայտնի է, գժի թղթով են ման գալիս, մասնակցում քրեական «սխոդկաների», քաղաքում պարբերաբար կրակում ու հաջողեցնում միշտ անպատիժ մնալ: Արա Սարգսյանին թվում է, թե իրենց «զոնի» օրենքներին Հայաստանում բոլորը պիտի ենթարկվեն:

Գյումրեցիները կասեն. «Ծո հըլը ըսոր խելքին աշեք, եկել է սատանի մայլեն, գուզե քյանդրբազ խաղալ»: