կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 16:16
Իրավական

Դատավորներն ու դատարանները ճնշման են ենթարկվել. Վարդան Այվազյան

Դատավորներն ու դատարանները ճնշման են ենթարկվել. Վարդան Այվազյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատարանի ու դատավորների աշխատանքին խոչընդոտելու մասին հայտարարություն-կոչն ու դրան հաջորդած իրադաձությունները սահմանադրական կարգը տապալելու փորձ համարել չի կարելի: Այն կարծիքին է սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

«Գործող Քրեական օրենսգրքի նկարագրություններով` վարչապետի կոչին տրված գնահատականը խիստ է: Իհարկե, նրա կոչը գործող Սահմանադրության ոտնահարում է, բայց դա որակել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ ճիշտ չէ: Սահմանադրական կարգի տապալում` նշանակում է զավթել ժողովրդին պատկանող իշխանություն, իսկ մի քանի ժամանոց նմանատիպ ակցիան ընդամենը մի քանի հոդվածների ոտնահարում է»,- սա է սահմանադրագետի կարծիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի ու դրան հաջորդած գործողությունների մասին, որ քաղաքական մի շարք գործիչներ սահմանադրական կարգի տապալում էին որակել:

Ճիշտ է, ըստ նրա, սահմանադրական կարգի յուրացման ու իշխանության տապալման միջև ընդհանրություններ կան, ու իշխանության տապալման գործողությունները սկսվում են իշխանության յուրացմամբ, բայց երեկվա ակցիան իշխանության յուրացման խնդիր, կարծես թե, չուներ:

Լրագրողներից մեկի հարցին, թե այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես սահամանադրական կարգ չի տապալել, Այվազյանը հստակ պատասխան չտվեց, ասաց, որ հարցի առնչությամբ ինքը չի կարող ճիշտ ու սխալ որոշել, որ հարցին գնահատական տալու համար առնվազն պետք է ծանոթ լինի առկա բազմահատորանոց գործին: «Ճիշտի ու սխալի համար պետք է դիմեք մեղադրող կողմի դատախազին ու Քոչարյանի պաշտպաններին»,- հավելեց նա:

Yerkir.am-ի հարցին, թե սահմանադրական կարգի տապալում կհամարվեի՞ն կոչն ու դրան հաջորդած իրադարձությունները, եթե դրանք ընդդիմության ներկայացուցիչներն անեին, Այվազյանը պատասխանեց. «Սահմանադրական կարգի տապալման դեպքում պետք է դիտարկենք հանցակազմի սուբյեկտային մասը, իսկ շարքային քաղաքացին կամ ընդդիմադիրը չի կարող սուբյեկտ լինել: Սուբյեկտ կարող են լինել նախագահը, ԱԺ նախագահն ու վարչապետը: Եթե նման կոչ աներ ընդդիմադիր գործիչը, նրան ու ակցիայի մասնակիցներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկեին ընդամենը: Բայց այս դեպքում կոչ է արել վարչապետը, ու այդ իրավախախտմանը աջակցելուն օգնել են ոստիկանները, որ քաղաքացիները խաթարեն դատավորի աշխատանքը»:

Մեր մյուս հարցին` իսկ հոկտեմբերի 2-ին, երբ խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չէին ունեցել, ու քաղաքացիները, վարչապետի գլխավորությամբ, շրջափակել էին ԱԺ շենքը, «պատանդ պահել» պատգամավորին, չի՞ խախտվել, արդյոք, սահմանադրական կարգի նորմը, սահմանադրագետը կրկին բացասական պատասխան տվեց` մեկնաբանելով`պատգամավորին «պատանդ պահել» քաղաքական ակցիա էր, ու եթե սահմանադրական ու օրենսդրական շրջանակներից ենք հարցին մոտենում, դա նույնպես օրենքի խախտում էր ընդամենը:

«Սահմանադրական կարգի տապալում կլինի, երբ, օրինակ, հանրապետության նախագահն  ասի, որ` այս պահից Սահմանադրությունը չի գործում, ամբողջ իշխանությունը ես եմ կոորդինացնում, ինչ-որ ժամանակավոր ակտեր եմ ընդունում, որով պետք է առաջնորդվենք և այլն: Սահմանադրական կարգի տապալման փորձ է իշխանության կարգի յուրացումը պետական ցանկացած թևի կողմից»,- ամփոփեց նա: