կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-15 16:15
Իրավական

Դատարանները հրաժարվում են քննել Արթուր Բաղդասարյանի հետ կապված գործը

Դատարանները հրաժարվում են քննել Արթուր Բաղդասարյանի հետ կապված գործը

Մարտի 17-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը դատավոր Կարինե Հակոբյանի նախագահությամբ կքննի «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանի բողոքը: Նշենք, որ «Հայկանդուխտ» ավանդապաշտ-ժողովրդավարական կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հայցադիմում էր ներկայացրել «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի և «Հայկական վերածնունդ» կուսակցության համակարգող խորհրդի նախկին նախագահ, կառավարման խորհրդի անդամ Անահիտ Եղոյանի դեմ, որը, սակայն, դատարանները վարույթ չեն ընդունում:

Ղազարյանը Yerkir.am-ին հայտնեց, որ պահանջել է վերաքննիչ ատյանից բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի` «Հայկական վերածնունդ» կուսակցության գրանցումը չեղյալ համարելու վերաբերյալ հայցադիմումը չընդունելու որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան՝ քննության:

Նշենք, որ դեռևս նախորդ տարեվերջին Ղազարյանը կուսակցության գրանցումը չեղյալ համարելու պահանջով դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որը որոշում էր կայացրել հայցադիմումը վերադարձնել` նշելով, որ գործն ընդդատյա է վարչական դատարանին: Ղազարյանը դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է առ ոչինչ ճանաչել «Հայկական վերածնունդ» կուսակցության կանոնադրությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարի` 21.02.2016 թվականի թիվ 1 արձանագրությունը, անվավեր ճանաչել պետական ռեգիստրի գրանցամատյանում 2016 թվականի մարտի 16-ին կատարված` «Հայկական վերածնունդ» կուսակցության գրանցումը։

Նա միաժամանակ միջնորդել էր, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դնել «Հայկական վերածնունդ» կուսակցության գույքի ու դրամական միջոցների վրա, ինչպես նաև կասեցնել «Հայկական վերածնունդ» կուսակցության գործունեությունը` մինչև վերջնական դատական ակտ կայացնելը։

Հայցադիմումում, որպես երրորդ անձ, նշվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը։

Այնուհետև Ղազարյանը դիմել էր վարչական դատարան, որտեղ էլ պատասխանել էին, որ գործն ընդդատյա է առաջին ատյանի դատարանին: «2017թ. հունվարի 31-ին դարձյալ հայցադիմում ներկայացրեցի Կենտրոնի դատարան՝ հայցադիմումին կցելով վարչական դատարանի համապատասխան որոշումը: Փետրվարի 1-ին գործը մակագրվել է հայցադիմումը վերադարձրած նույն դատավորին՝ Ռուբեն Ներսիսյանին: Նա նույն օրը որոշում է կայացրել դարձյալ հետ վերադարձնել հայցադիմումը՝ նույնությամբ արտատպելով նախորդ որոշումը»,- ասաց նա և հույս հայտնեց, որ վերաքննիչը ճիշտ որոշում կկայացնի: «Պարզապես ծիծաղելի է մեր դատական համակարգը, կրկես է»,- նշեղ Ղազարյանը: