կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-26 07:14
Հասարակություն

Երեխաներին մաշում է հոդացավը

Երեխաներին մաշում է հոդացավը

«Դպրոց գնալու ճամփեքը ցեխ են: Մինչեւ ծնկներնուն ցեխի մեջ են: Իրենք էլ ռեւմատիզմով հիվանդ, էդ ցեխը ոտերնուն, քայլելն էլ` դժվար: Մի օր գնացել եմ տեսնելու, լացս եկել է»,- 28-ամյա Գայանեի երկու տղան հոդացավով հիվանդ են: Հիվանդության պատճառը սարսափելի վատ պայմաններում ապրելն է եղել` խոնավ ու ցուրտ տուն, սոված անցկացրած օրեր: Հիմա արդեն  էլ խոնավ տան մեջ չեն ապրում, բայց սոցիալական պայմանները շատ էլ չեն փոխվել:

Մոտ մեկ տարի առաջ Գայանեն ամուսնալուծվել է եւ տեղափոխվել հոր տուն: Ամուսինն այժմ չի աշխատում, իսկ այն ժամանակ թեեւ աշխատելիս է եղել, սակայն վաստակածը իր քմահաճույքով է ծախսել` հարբեցողություն, անպարկեշտ հաճույքներ: Իսկ հիմա երիտասարդ կնոջ ուսերին է ծանրացած ողջ ընտանիքի հոգսը` երեք տղան ապրում են ծնողների հետ` Ոսկեվան գյուղում, իսկ ինքը Երեւանում հերթափոխով գիշեր-ցերեկ աշխատում է` երկու օր փռում, երկու օր` ռեստորանում: Երեխաներն արդեն չորս տարի է, ինչ ձեռք են բերել այդ հիվանդությունը.

«Երկուսն էլ ոտներնուն քաշում են: Մեծինս նույնիսկ ձեռքն էլ, ոտն էլ զգալ է տալիս, որ հիվանդ է: Սրտին էլ է խփել հիվանդությունը: Էս վերջերս էլ անկանոն շարժումներ էր անում: Ասացին, որ ներվերն են: Մի ամիս առաջ բերեցի հիվանդանոց, պիտի պառկեցնեին»

Գարնանն ու աշնանը պետք է հետազոտվեն, բուժում ստանան, սակայն հնարավորությունները սուղ են: Ինչպես հայտնի է, մինչեւ յոթ տարեկան երեխաների բուժումն անվճար է: Գայանեն էլ հաստատում է, որ ոչ մի բուժհիմնարկում չեն մերժել անվճար սպասարկել իրենց, սակայն մեծ տղայի յոթ տարեկանն արդեն իսկ լրացել է: Հիվանդանոցում խոստացել են, որ երեխայի բուժումն անվճար կլինի, եթե գյուղից «Փարոսի» փաստաթուղթ ներկայացնի, որ իրենց սոցապահովության միավորը 37 է.

«Բայց երբ փող ունենամ, նոր կգնամ գյուղ, «Փարոսի» թուղթը կբերեմ: Պիտի ճանապարհածախս ունենամ, ուտելիքի փող ունենամ:  Հիվանդանցում ասեցին` ամենաքիչը երեք օր պիտի հետազոտվեն: Էդ մենակ ստուգվելու համար: Բայց պիտի նաեւ բուժվեն: Հետեւիցս ճաշ բերող-տանող չունեմ քաղաքում»:

Սկզբնական շրջանում, երբ դեռ հիվանդությունը չէր խորացել, երեխաները հետազոտվում էին Նոյեմբերյանում, այնուհետեւ տեղափոխել են Իջեւան, իսկ հետո արդեն ուղարկել Երեւան` հետազոտության եւ բուժման համար համապատասխան տեխնիկական պայմաններ չունենալու պատճառով:

200 կմ ճանապարհ կտրելը այնքան էլ հեշտ չէ, երբ ընտանիքի եկամուտների յուրաքանչյուր կոպեկը հաշվված է: Գայանեի ծնողները չեն աշխատում, եղբայրն էլ անչափահաս է: Իր երեխաներն էլ` հինգ, վեց, յոթ տարեկան են: Երկուսը դպրոց են գնում, փոքրը` մյուս տարվանից կգնա: Մի կողմից սնվելու հարցն է, մյուս կողմից` գրենական պիտույքների, շոր-կոշիկի, եւ կարեւորը` բուժվելու հարցն էլ կա:

Ընտանիքը «Փարոսից» ամսական 40 հազար դրամ նպաստ է ստանում, Գայանեն էլ առանց քուն-դադարի աշխատելովՙ հազիվ 60 հազար դրամ է վաստակում. այս տարվա փետրվարից էլ ամուսինը դատարանով պարտավորվել է ալիմենտ վճարել: Հարցիս, թե գոնե այդ փողը կանոնավոր տալիս է, պատասխանեց. «Մարտի 13-ին պետք է երկու ամսվանը տված լիներ, բայց մի ամսվանն է տվել: Ոչինչ, բայց որ գոնե սրանից հետո նորմալ տա... Ինքը չի աշխատում, սեփականություն չունի, ոչ մի բան չունի:  Ապրուստն էլ կարեւոր է ալիմետնի համար` 15 հազար դրամ է տալիս երեք երեխային: Մի պարկ ալյուրը 13 հազար դրամ է: Եթե 13 հազար ալյուրին տամ, բա՞ մնացած բաները»:

Յոթ հոգուց բաղկացած ընտանիքի ողջ եկամուտն այս է:

Գյուղից Երեւան մոտ 200 կմ հեռավորությունը Գայանեին տանջում է թե հոգեպես, թե ֆինանսապես: Լավ կլիներ, որ հենց այնտեղ էլ կարողանային երեխաներին բուժել, ու լավ կլիներ, որ Գայանեն էլ կարողանար այնտեղ աշխատել. «Էնտեղ դպրոցն է, փոստն ու գյուղապետարանը: Ու հիմա իրենց սովորած աշխատողներ են պետք. ես կրթված չեմ, չեմ կարող: Եթե լիներ հավաքարարի գործ, կաշխատեի, բայց չկա: Ամեն մեկն արդեն իրենց հավաքարարն ունի»,- Գայանեն, սակայն, ունեցածով չի բավարարվում, մտածում է, որ մի օր կյանքը կփոխվի, հնարավորություն կունենա մի մասնագիտություն սովորել:

Բայց հիմա դեռ մտածում է միայն աշխատելու մասին. «Ես գործից չեմ վախենում, ինչ գործ ուզում է լինի` հավաքարարի գործ, աման լվացողի գործ: Աշխատել եմ, աշխատում եմ: Ու չեմ ամաչում, ես դրանով երեք երեխա եմ պահում»:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ