կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-17 15:25
Հասարակություն

Աջակցելու փոխարեն` նյարդ են մաշում

Աջակցելու փոխարեն` նյարդ են մաշում

Գագիկ Նավասարդյանը 2007 թվականին Սեւանում հանգստանալիս բախվել է մոտորանավակին, ծանր մարմնական վնասվածք ստացել, ինչի հետեւանքով անդամահատել են նրա ոտքը:

Գագիկին նախ հաշմանդամության երկրորդ խումբ են նշանակել, իսկ այնուհետեւ փոխել են երրորդի` պատճառաբանելով, թե տղան պրոթեզավորվել է եւ հեշտությամբ է տեղաշարժվում: Գեղարքունիքի թիվ 1 բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի (ԲՍՓՀ) կողմից ընդունված այս որոշումը Գագիկը բողոքարկել է` դիմելով ՀՀ ԲՍՓ գործակալությանը, սակայն, որեւէ արդյունքի չհասնելով, դիմել է դատարան:

Վարչական դատարանում նրա հայցը բավարարվել է, սակայն պատասխանող կողմը բողոքարկել է դատարանի որոշումը, եւ Վճռաբեկ դատարանը համարել է, որ Գագիկին երրորդ խմբի հաշմանդամություն նշանակելը ճիշտ է:

Փաստաբանների պալատի անդամ Գայանե Խաչատրյանը` Գագիկի փաստաբանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պրոթեզավորումը պատճառ բերելն անհեթեթություն է եւ խախտվում է Կառավարության 2003 թվականին ընդունած 780-Ն «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» որոշումը:

Վճռաբեկի այս որոշումը բողոքարկվել է եւ այժմ էլ գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում: Եթե արդար որոշում չընդունվի, ապա Գագիկը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Գագիկին աջակցող` հաշմանդամների հարցերով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն ասաց, թե իրենք հույս ունեն, որ Վճռաբեկ դատարանը կբեկանի նախորդ որոշումը եւ իրենք չեն դիմի ՄԻԵԴ. «Իհարկե, մենք կաջակցենք Գագիկին` ՄԻԵԴ դիմելու հարցում, բայց, որպես ՀՀ քաղաքացի, դա հաճելի չէ մեզ: Այնտեղ գործի անունները լինում են այսպես` «... ընդդեմ ՀՀ-ի»: Բայց մենք ընդդեմ Հայաստանի չենք դուրս գալիս, մենք դուրս ենք գալիս ընդդեմ բյուրոկրատների, անմարդկային վերաբերմունքի, օրենքի խախտումների...»:

Գագիկն էլ նշեց, որ հաշմանդամ դառնալուց հետո ինքն էլ բախվել է պետական մարմիններում առկա բյուրոկրատիայի հետ, որոնք հավելյալ գլխացավանք են դառնում. «Ես շատ վրդովված եմ պետական մարմինների վերաբերմունքից, իմ խնդիրներից բացի, գումարվում են այլ խնդիրներ: Ստեղծված է մի այնպիսի համակարգ, որ  դիտավորյալ մարդուն քաշքշուկների մեջ է գցում: Քեզ ոչ մեկ չի առաջարկում կաշառք տալ, բայց դու ստիպված ուզում ես այլ ուղիներ փնտրել` ավելի հեշտ էդ ամեն ինչն անցնելու համար»:

Հարցին, թե ինչո՞ւ են հավելյալ քաշքշուկներ սարքում մարդուն հաշմանդամության խումբ նշանակելու ժամանակ, Ա. Ալավերդյանը պատասխանեց, որ տարբեր խմբերի դեպքում անձը տարբեր արտոնություններ է ունենում. օրինակ` երկրորդ խմբի հաշմանդամի թոշակն ավելի բարձր է, բուժօգնությունն ու դեղերը տրվում են անվճար` ի տարբերություն երրորդ խմբի հաշմանդամի:

Ա. Ալավերդյանը, կապված այս խնդիրների հետ, մի հանգամանքի մասին խոսեց. մոտ երկու ամիս առաջ ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնական կայքում (www. hhbsp.am) նշված է եղել, որ ՀՀ-ում հաշմանդամների թիվը 185 հազար է, իսկ ներկայումս այդ թիվը 172 հազար է. «13 հազարով պակասել է այդ թիվը: Ի՞նչ եղան այդ մարդիկ, ստուգումներ  եղան եւ պարզվեց, որ նրանք կա'մ չկան, կա'մ հաշմանդամ չեն' կա'մ երկրից հեռացել են»:

Իսկ Գագիկի գործի վերաբերյալ Ա. Ալավերդյանը նշեց, որ պատասխանող կողմ ԲՍՓՀ-ն նշում է, թե նման անդամահատություն ունեցող բոլոր մարդիկ դասվում են երրորդ խմբի հաշմանդամների շարքը, այնինչ հենց իրենց ՀԿ-ում կան տասնյակ մարդիկ, ովքեր երկրորդ խմբի հաշմանդամ են եւ ունեն նմանատիպ անդամահատություն: