կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-25 03:52
Հասարակություն

Մազալու բան

Մազալու բան

Մարդ կա` բավարարվում է` միայն հրապարակումների վերնագրերը կարդալով: Ժամանակի հարց է: Ես, որ միշտ չգիտես ինչով եմ զբաղված, հաճախ եմ այդ խորամանկ քայլին դիմում, ու հետո պարծենում գործընկերներիս առաջ, թե ծանոթացել եմ կայքերի նորություններին:

- Կարդացի՞ք, ախպե'ր, թե ինչ էին գրել ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին: Կարգին «կաշ» ա գնացել: Կոալիցիոն ուժերը հուժկու հարված են հասցրել ՀՅԴ-ի տարբերակին ու այն չի անցել:

Մի ընկեր ունեմ, որ մինչև իր աչքով չտեսնի, ոչնչի չի հավատա: Անունը Փաստաբան ենք դրել:

- Որտե՞ղ ես կարդացել:

Ես, իհարկե, չեմ շփոթվում ու բերանացի ասում եմ կայքի հասցեն: Նա չխկչխկացնում է համակարգչի ստեղները, իսկ ես խառնվում եմ ինձ նման «կարդացածների» խոսքուզրույցին: Հանկարծ ընդհանուր ժխորի մեջ լսվում է Փաստաբանի ծիծաղը:

- Այդպես էլ գիտեի, հա, հա հա, հա…

- Ի՞նչ գտար,- հարցնում ենք:

Նա ինձ է դիմում ակնոցի վրայից.

- Դու միայն վերնագրերն ես կարդացել: Այստեղ երկու նյութ կա` «ՀՅԴ-ի տարբերակը չանցավ» եւ «Կոալիցիոն ուժերը հակահարված են հասցրել»:

- Ես էլ նույնը չասացի՞: Չասացի՞, որ կաշ ա գնացել:

- Հա, բայց ո՞րտեղ ա կաշ գնացել:

- Խորհրդարանում, էլ որտե՞ղ:

- Տո չէ, այ ցավդ տանեմ, ի՞նչ խորհրդարան: Հակահարված հասցնողները արևմտյան կոալիցիոն ուժերն են, որ ներխուժել են Լիբիա: Իսկ ՀՅԴ-ի առաջարկած փոփոխությունների տարբերակն, իրոք, չի անցել, որովհետև կոալիցիան երկու ձեռքով դեմ է քվեարկել:

Ես մի քիչ ամաչեցի:

- Բայց վատ չես մտածել, ասեմ,- շարունակեց Փաստաբանը:- Կոալիցիան կոալիցիա է` Լիբիայում լինի, թե Հայաստանում:

- Բա ՀՅԴ-ն,- հարցրեցին կողքից:

- Քադաֆիին լսո՞ւմ են, որ ՀՅԴ-ին լսեն: Նախ` հակահարված են հասցնում, հետո` մտածում:

Իմ փաստաբան ընկերն անկրկնելի է:

 

Էդ.Ա.