Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ը գրում է․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում ձեռք է բերել բացառիկ հետևողականություն ու միարժեքություն, բայց դա, իհարկե, դիվանագիտության բովանդակության հետ որևէ կապ չունի։
Հատկապես վերջին նշանակումներից հետո այն դարձել է չափից ավելի «անթրաշ»՝ բառի նաև փոխաբերական, բայց առաջին հերթին՝ ամենաուղիղ իմաստով։ Հայաստանի գլխավոր դիվանագետը, նրա նորանշանակ երիտասարդ տեղակալը և կրկին նորանշանակ ու դարձյալ հասունության վաղ փուլում գտնվող ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ունեն գրեթե նույնական մորուսներ, որոնք միասին վերցրած, իհարկե, ոչ այլ ինչ են, քան գերագույն գլխավոր անթրաշության անհաջող կապկումներ։
Խնդիրը, իհարկե, առանձին վերցրած պաշտոնյաների արտաքինի քննարկումը չէ, հատկապես, որ որևէ կապ վերջիններիս տեսքի և կատարած գործառույթների միջև տեսականորեն չկա, թեև գոնե արտաքին քաղաքականության բնագավառում արտաքին տեսքի պատշաճությունը չգրված օրենք է։
Խնդիրն այն է, որ այդպիսի կապի տեսական չգոյությունը, Հայաստանում գործնականում հակառակ հաստատումն է ստանում՝ ուղիղ իմաստով մորուքավորներն իրականացնում են փոխաբերական իմաստով անթրաշ արտաքին քաղաքականությունը՝ պետության համար դրանից բխող ամենևին ոչ հիգիենիկ հետևանքներով։
Եվ այնուամենայնիվ, ի՞նչն է պատճառը, որ պետության համար ամենակարևոր ոլորտներից մեկը համարվող արտաքին քաղաքականությունը, ինչպես և մնացած գրեթե բոլոր ոլորտները համալրվում են կադրերով, որոնք նորմալ պետության պարագայում իրենց կողմից այսօր ղեկավարվող գերատեսչություններում առավելագույնը պահակի հաստիք կարող էին ունենալ։
Պատասխաններից մեկը, իհարկե, կարող է լինել այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը դավաճանական, կոլաբորացիոնիստական իշխանություն է և միտումնավոր պետական կառավարման համակարգը լցնում է կադրերով, որոնք երկիրը տանում են կործանման։
Բայց կարելի է առաջնորդվել նաև այն կանխավարկածով, որ Նիկոլ Փաշինյանը՝ անձամբ, ու նրա իշխանությունը՝ հավաքականորեն, հայրենասիրության պատմական նմուշներ են ու կյանք չեն խնայում Հայաստանի համար։ Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանի պետական կառավարման համակարգը լցվում կադրերով, որոնք ամեն օր կրճատում են Հայաստանի կյանքը՝ որպես պետություն։ Կարճ պատասխանը կադրային սովն է։ Բայց դա ոչինչ չասող պատասխան է, որն ամբողջությամբ չի արտահայտում Հայաստանում հաստատված խորագույն բարոյական ու արժեքային ճգնաժամը և որից բխում է, թե երկրում պրոֆեսիոնալ ու բարձրորակ մասնագետներ չկան։ Դա, իհարկե, այդպես չէ, Հայաստանը յուրաքանչյուր ոլորտում ունի եթե ոչ՝ հարյուրավոր, ապա՝ առնվազն տասնյակ գերպրոֆեսիոնալ կադրեր, որոնք լավագույնս կարող են հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ յուրաքանչյուրն իր բնագավառում։ Նրանք կան, բայց նրանք պետական կառավարման համակարգում չեն։ Եվ պատճառը միայն այն չէ, իսկ գուցե ընդհանրապես այն չէ, որ նրանց չեն հրավիրում պետական կառավարման համակարգ։
Իրականության մեջ լավ մասնագետները նաև արժանապատիվ մարդիկ են և պատրաստ չեն հանուն պաշտոնի ծառայել ցանկացած համակարգի։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ահա, այնքան է հեղինակազրկվել ու վարկաբեկվել, որ որևէ իրեն հարգող մասնագետ չի ցանկանում իր անունն ասոցացնել այդ իշխանության հետ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական կառավարման համակարգի նշաձողը, մնացած ամեն ինչի հետ զուգահեռ, իջեցրել է այնպես ու այնքան, որ ցանկացած արժանապատիվ մարդու համար ուղղակի ամոթալի է իր անունը կապել այս իշխանության հետ։
Բայց դա խնդրի միայն մի կողմն է։ Կա նաև երևույթի մյուս ասպեկտը։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին՝ հազիվ թե որևէ պաշտոնում նշանակի մեկին, ով բացի պրոֆեսիոնալ հատկանիշներից, ունի նաև անձնական արժանապատվություն, որովհետև այդպիսին ունեցողը պատրաստ չի լինելու կատարել իր բոլոր, այդ թվում՝ հակատրամաբանական ու հակապետական հանձնարարությունները։ Նիկոլ Փաշինյանին պետական կառավարման համակարգում անհրաժեշտ են արժանապատվությունը դեմքի մազածածկույթով փոխարինած մարդիկ, որոնց գործը ոչ թե պետության, այլ նրա իշխանության պահպանման խնդիրների լուծումն է։ Ողբերգական խորհրդանշականությամբ հենց այդպիսի դիմագծերով է Հայաստանը ներկայանում աշխարհին, որի ներկայացուցիչները Հայաստանից պահանջում ու ստանում են այն, ինչ Նիկոլ Փաշինյանը՝ սեփական ենթականերից․ արժանապատվության բացակայություն։