կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-21 22:21
Առանց Կատեգորիա

200 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

200 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը

Չնայած մարտի 5-ին Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում հակամարտ կողմերի միջև փոխադարձ վստահության հետագա ամրապնդման վերաբերյալ պայմանավորվածությանը` ադրբեջանական կողմը շարունակում է իր սադրիչ գործողություններով նպաստել տարածաշրջանային ռազմաքաղաքական լարվածության խորացմանը: Բացի այլ փաստերից, ասվածի անհերքելի ապացույցն են անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունները, որոնց ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրազենային զենքերից շուրջ 200 անգամ խախտել են հրադադարի ռեժիմը` արձակելով ավելի քան 1300 կրակոց. տեղեկացնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժին:

 

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 17-ին և 18-ին, որոնց արդյունքում հայկական կողմն ունեցել է կորուստ: Մասնավորապես` մարտի 17-ին` ժամը 17:30-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղեւ մահացել է:

 

Այն, որ ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված հերթական նախահարձակ գործողությունն իրականացվել է մարտի 5-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածության շրջանակում տեղի ունեցած գերիների փոխանակումից ընդամենը մեկ ժամ հետո և, գրեթե նույն պաշտպանական հատվածի դիրքերից մեկում, խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հրադադարի պահպանման ռեժիմը, այլև միտումնավոր կերպով փորձում է շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաքելություն: Հանգամանք, որը անտարակույս պետք է իր արժանի գնահատականը ստանա Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից: