կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-19 22:12
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Մինչ Հայաստանում ձգձգվում են մրցույթները

ԿԱՊԻՏԱԼ. Մինչ Հայաստանում ձգձգվում են մրցույթները

Վրաստանը ցանկանում է ոչ միայն հայերին սովորեցնել նորմալ ճանապարհ կառուցել, այլև կրճատել Հայաստանից Բաթում հասնելու ճանապարհը։

 

Այս տարի «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան» վերակառուցելու է Գոդերձկի լեռնանցքի ավտոմոբիլային ճանապարհը, որով անցնում է Ախալցխա-Բաթում ճանապարհը։

 

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին ասում է, որ վերակառուցվելու է նաև դեպի «Վերին Լարս» ռուս-վրացական մաքսային սահմանային անցակետը տանող ավտոմոբիլային ճանապարհը: Երեկ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիի հետ երկու գերատեսչությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրումից հետո Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ասաց, որ վերջին երեք տարիներին Վրաստանը մեծ փորձ է կուտակել ճանապարհաշինության բնագավառում միջազգային կառույցների հետ աշխատանքում և պատրաստ է այդ փորձը կիսել Հայաստանի հետ:

 

Նա հիշեցրեց, որ Հայաստանը Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով կառուցելու է «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային մայրուղին։ Մ. Վարդանյանը նշեց, որ «Հյուսիս-հարավ» ավտոմոբիլային միջանցքի շինաշխատանքները նախատեսվում է սկսել այս տարի։ Այս ճանապարհը ձգվելու է դեպի Բավրայի սահմանային անցակետ:

 

Եվս երկու ճանապարհ՝ Սևանի ուղղությամբ՝ դեպի Նոյեմբերյան, և Ապարան-Վանաձոր-Ալավերդի ուղղությամբ՝ դեպի Վրաստանի սահման, պետք է վերակառուցվեն Համաշխարհային բանկի միջոցներով։ Մինչ հայ պաշտոնյաները մեծ ոգևորությամբ խոսում են Վրաստանի կուտակած փորձի մասին, հայտարարում, որ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր բոլոր աշխարհամասերի միջև, Վրաստանը կառուցում է արագընթաց ժամանակակից ճանապարհներ՝ մեծացնելով իր տարանցիկ գրավչությունը։

 

Այսօր Հայաստանում, ըստ էության, չեն կարողանում պատշաճ կերպով կազմակերպել «Հյուսիս-հարավ» միջանցքի ավտոճանապարհի կառուցման միջազգային մրցույթը, այնինչ Վրաստանում ոչ միայն կազմակերպում են նմանատիպ մրցույթներ, այլև արդեն առկա են վրացական ընկերություններ, որոնք ի վիճակի են մասնակցել արագընթաց ճանապարհների կառուցման միջազգային մրցույթների։