Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ:
Մարտի 13-ին լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 114-ամյակը: Չարենցը ծնվել է 1897թ. Կարսում: Գրականագետներից յուրաքանչյուրը Չարենց գրական անվան իր տարբերակն է առաջարկում:
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է:
Ըստ Կարինե Քոթանջյանի` բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետեւ մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է:
Իսկ Անուշավան Ջիդեջյանը /Վիվան/ վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչունական տեղաշարժերի հետեւանքով:
ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Գայանե Դուրգարյանը նշեց, որ մարտի 13-ին նախատեսվում է այցելություն բանաստեղծի հուշարձանին, որտեղ կանցկացվի պոեզիայի տոն` դպրոցականների մասնակցությամբ: Միջոցառումներ են նախատեսվում նաեւ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, որտեղ կբացվի «Երկիր Նաիրի» խորագրով ցուցահանդես: Կցուցադրվեն Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի` Մ. Սարյանի, Հովհ. Շավարշի, Կ. Սմբատյանի, Մ. Արուտչյանի, Ա. Բեքարյանի ձեւավորումները:
Կկայանա նաեւ «Ե.Չարենցի տեքստերով հայ կոմպոզիտորների երգեր» խորագրով համերգ. ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը հանդես կգա Ե. Չարենցի ստեղծագործությունների կատարմամբ: Մուտքն ազատ է:
Նշենք նաեւ, որ մի շարք մտավորականներ, չարենցապաշտներ, Գրողների միությունը, Չարենցի տուն-թանգարանը, ինչպես նաեւ մշակույթի նախարարությունը ցանկանում են Չարենցի արձանի մերձակա այգին անվանել Պոեզիայի այգի: