Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյբուքյան իր էջում ահազանգել է այն մասին, թե Չարենցի գերեզմանը պղծվել է: Նա գրել է.
«Այսօր մի խումբ հեռուստալրագրողների եւ բանաստեղծ Արեւշատ Ավագյանի հետ մենք այցելեցինք այն վայրը, որտեղ գտնվում է Եղիշե Չարենցի գերեզմանը:
Չեմ կարող բառերով նկարագրել զգացումը, որ ունեցանք բոլորս, երբ տեսանք այն, ինչը բոլորովին չէինք սպասում տեսնել: Եղիշե Չարենցի գերեզմանը պղծված էր. ոչնչացված էր այնտեղ տեղադրված խաչը, բանաստեղծի դիմանկարը և ցուցանակը, որի վրա նշված էր նրա մահվան օրը: Գերեզմանաթումբը հարթեցված էր, իսկ այնուհետև ծածկված շինարարական աղբով, քարերով և մետաղե թիթեղներով:
Թե ո՞վ կամ ովքե՞ր են մարդկային կերպարանքով այն թերմածքները, որ հանդգնել են ձեռք բարձրացնել այդ սրբավայրի վրա, առայժմ հայտնի չէ: Սակայն ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք: Շատերին է հայտնի, որ Չարենցի թաղման վայրը գտնվում է Երևանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում, Հրազդանի կիրճի եզրին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան պարսպի կողքին:
Այդ տարածքը հսկվում է օրուգիշեր ոչ միայն թիկնապահների կողմից, այլև պարսպի տարբեր հատվածներում տեղադրված տեսախցիկներով: Ընդ որում` տեսախցիկներից մեկը գտնվում է հենց Չարենցի գերեզմանի մոտ: Բացառվում է, որ այն արձանագրած չլինի այն պահը, երբ վանդալները հողին էին հավասարեցնում շիրմաթումբը: Ուզում եմ հավատալ, որ ամենակարճ ժամանակում մենք Ռ. Քոչարյանի գրասենյակից կստանանք մեզ հուզող հարցերի գոնե մի մասի պատասխանը:
Հիշեցնեմ, որ դեռևս 1996 թվականին գտնվեցին Չարենցի մասունքները, իսկ վերջին տարիներին այդ վայրը դարձել էր Չարենցի պոեզիայի երկրպագուների ուխտավայրը:
Չարենցասերների ջանքերով այն հնարավորինս բարեկարգվել էր, տեղադրվել էին հիշատակի խաչն ու հուշատախտակը: Այժմ կատարված անմարդկային արարքը ոչ միայն հանճարեղ գրողի հիշատակի պղծումն է, այլև ծանր վիրավորանք նրա ընթերցողների ջերմ զգացումների հանդեպ: Եվ սա չի կարող անհետևանք մնալ»: