կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-26 00:23
Հասարակություն

Առաջին ասուլիսն անցավ շատ բուռն

Առաջին ասուլիսն անցավ շատ բուռն

ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ)  նախագահի եռամսյա պաշտոնակատար Արտյուշա Ղուկասյանի (2002-2010 թթ. Խ. Աբովյանի մանկավարժական համալսարանի ռեկտոր) առաջին ասուլիսն անցավ շատ բուռն. պարզվեց` վերջինս ամենեւին էլ չի կարծում, որ կրթական համակարգը, առավել եւս մանկավարժական համալսարանը կոռումպացված է:

 

«Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ես արդեն 3 ամիս է, որ ԲՈՀ-ում եմ, բայց արդեն մի շարք կարեւոր բարեփոխումներ եմ իրականացրել»,- ասաց նա:

 

Իսկ բարեփոխումները տեխնիկական են. վերանայվել է ԲՈՀ-ի կանոնակարգը եւ 2010-ին հրատարակվել է նորը: Նոր կանոնակարգի բերած նորությունները տպավորիչ են` փոխվել են գիտական ատենախոսությունները պաշտպանության ներկայացնելու, դոկտորական աստիճան ստանալու պահանջները, մասնագիտական խորհուրդների ձեւավորման կարգը, գիտական պարբերականների ցանկը:

 

ԵՐԿԻՐ-ի հարցին, թե ո՞րն է փոփոխությունների հիմնական նպատակը, Ղուկասյանը պատասխանեց, որ ավելի թափանցիկ, կոնկրետ, մասնագիտական խորհուրդների ցանկն օպտիմալացնելու համար են կատարվել դրանք: Մենք հստակեցրինք հարցը. «Հնարավո՞ր է տեխնիկական փոփոխությունների շնորհիվ որակական փոփոխության հասնել»: Պատասխանը կարճ ու կոնկրետ էր. «Կարծում եմ` այո»:

 

Պարզապես հիշեցնենք, որ, ըստ «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» կազմակերպության 2010 թ. տվյալների, Հայաստանում ամենակոռումպացվածը կրթական համակարգն էր: Թե տեխնիկական փոփոխությունները ի՞նչ որակական արդյունք կտան, դատեք ինքներդ:

 

Լրագրողները շատ հարցեր ունեին, հիմնականում` ԲՈՀ-ի որակական փոփոխությունների հետ կապված. բոլոր հարցերն արժանանում էին մի պատասխանի` «Չեմ կարծում, որ ամեն ինչ այդքան վատ է»: