կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-25 01:25
Հասարակություն

Հղիների պահանջները բավարարվեցին

Հղիների պահանջները բավարարվեցին

Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ այդմ` գործող օրենքի հիման վրա նշանակված հղիության եւ ծննդաբերության նպաստները կվերահաշվարկվեն նոր կարգով:

 

Եթե վերահաշվարկված նպաստի չափը բարձր է նախկինում նշանակված հղիության եւ ծննդաբերության նպաստի չափից, ապա շահառուին կվճարվի տարբերությունը: Այսինքն` օրինագիծը նախատեսում է վերջին 12 ամիսների ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված անձի կորցրած եկամտի փոխհատուցում 100 տոկոսով:

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հավաստմամբ` նախագիծը համաձայնեցված է կանանց շահերը պաշտպանող բոլոր հասարակական կազմակերպությունների հետ:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ այս հարցում արձանագրվել էին լուրջ խախտումներ. «Երբ հղի կինը մեկ-երկու օրով ընդունվում էր աշխատանքի, նրան նշանակվում էր մեկ ամսվա աշխատավարձ` 1 մլն դրամ, անմիջապես դրանից հետո նա անցնում էր արձակուրդային ռեժիմի, եւ պետությունը պարտավոր էր նրան վճարել այնքան աշխատավարձ, ինչքան վերջին ամսվա ընթացքում նշանակել էր աշխատատուն: Հասկանալի էր, որ այդ մախինացիան կատարվում էր այն նպատակով, որ մտնեն պետության գրպանը եւ գումարներ տանեն այնտեղից: Լուծումը, որ մենք տվեցինք, կոպիտ էր. ասացինք` եթե միջին աշխատավարձը 100 հազար է, մենք պատրաստ ենք վճարել 150 հազար դրամ, բայց ոչ ավելին, որպեսզի այդպիսի խաբեություններ չլինեն: Մենք այդ հիվանդության դեմն առանք եւ չարաշահումներն, ըստ էության, դադարեցին»:

 

Սակայն, վարչապետի խոսքով, «այս կոպիտ լուծումն» առաջացրել էր դժգոհություն այն մարդկանց շրջանում, ովքեր տարիներ շարունակ օրինական աշխատել են եւ ստացել բարձր աշխատավարձ` 300-400 հազար դրամի չափով:

 

«Այդ մարդիկ ասում էին, որ նպատակ ունենալով խաբեությունների դեմն առնել, հարվածի տակ եք դնում այն մարդկանց, որոնք մշտապես օրինական ստացել են բարձր աշխատավարձ: Այս օրենսդրական նախաձեռնությունով մենք այդ հարցը լուծում ենք, եւ ասում, որ եթե մարդիկ օրինական աշխատանք են ունեցել եւ ստացել են բարձր աշխատավարձ, պետությունն իր պարտավորությունը կկատարի, եւ անաշխատունակության այդ հատվածում մենք նրանց աշխատավարձն ամբողջությամբ կտանք»,- նշեց Տ. Սարգսյանը` հավաստիացնելով, որ կառավարությունը կկոմպենսացնի բոլոր կորուստները, եւ պրոբլեմն ամբողջությամբ կլուծվի: