կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-20 00:47
Հասարակություն

Ի՞նչ է Եվրոպան

Ի՞նչ է Եվրոպան

«Շատ հետաքրքիր է.  չէ՞ որ Եվրոպական Միությունում կան  այնպիսի երկրներ, որոնք ժամանակին հակամարտել են իրար դեմ, գաղտնիքը ո՞րն է, որ հիմա ապրում են նոր նորմերով, նոր օրենքներով»,- Անահիտ Վեզիրյանը այն երիտասարդներից է, ով ցանկանում է տեղեկացված լինել ԵՄ գործառույթներին եւ կառուցվածքային համակարգին:

 

«Բոլորն ինչ-որ շատ են ուզում Եվրամիություն, Եվրամիություն... Սկզբում Եվրախորհուրդ, հիմա արդեն` Եվրամիություն: Ցանկանում եմ իմանալ, թե ինչ է դա»,- ասում է նա:

 

AEGEE-Երեւան հ/կ-ն այսօր կազմակերպել է «Եվրոպական իրազեկության օր» խորագրով համաժողով, որին մասնակցում է շուրջ 80 երիտասարդ, ինչպեսեւ փորձագետներ` տարբեր միջազգային եւ տեղական կառույցներից:  

 

Ծրագրի համակարգող Արմենակ Մինասյանցը նշեց, որ մինչ միջոցառումը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողները 18-25 տարեկան երիտասարդների շրջանում սոցիոլոգիական հարցում են անցկացրել Երեւանում:

 

Դրա արդյունքների համաձայն` հարցվածների 76 տոկոսը հավատացած է, որ Հայաստանը եվրոպական արժեքներ ունեցող երկիր է եւ նրա ապագան կապված է ԵՄ-ին անդամակցելու հետ:

 

80 տոկոսից ավելին բոլորովին պատկերացում չի ունեցել ԵՄ-ի, դրա կառուցվածքի եւ գործառույթների մասին:

 

«Մեր հասարակությունն, իրոք, վատ է տեղեկացված: ԵՄ պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ էլ նրանք օրինակ բերեցին, որ շատերը  նույնիսկ չեն տարբերում Եվրամիությունը Եվրախորհրդից»,- ասաց Ա. Մինասյանցը:

 

Նշենք, որ միջոցառմանն աջակցում է AEGEE կազմակերպության կենտրոնական գրասենյակը, որը գտնվում է Բրյուսելում, եւ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը: