կարևոր
5299 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-01 22:35
Քաղաքական

Փաշինյանն արագ կաթոռազրկվի սոցիալական ցնցումներով. դա կանխելու համար է Եվրոպան ուզում փող տալ. Խաչատրյան

Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպումից Հայաստանի անվտանգությունն ապահովելուն միտված ռեալ քայլեր ակնկալող շրջանակների համար Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցնում է՝ այս մարդիկ այն նույն պաշտոնյաներն են, որոնք որևէ գործնական քայլ չեն արել Ալիևին սաստելու համար, հետևապես՝ ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումն ընդամենը Հայաստանին մի քիչ փող տալուն նվիրված հանդիպում է լինելու, ուրիշ ոչինչ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք հանդիպմանն ու դրանից հանրության մի հատվածի ակնկալիքներին, Խաչատրյանը պարզաբանեց.

«Խոսում են Հայաստանի տնտեսական դիմակայունության բարձրացման մասին։ Դա նշանակում է, որ առաջարկում են գումար տրամադրել Հայաստանին, որպեսզի Հայաստանում սոցիալական ցնցումներ չլինեն, ինչը կբերի Փաշինյանի աթոռազրկմանն անմիջապես։ Եվրոպան եթե այսօր իր բոլոր դռները բացի Հայաստանի առաջ, միևնույն է, Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության հետևանքով Հայաստանի տնտեսությունը Եվրոպա արտահանելու ոչինչ չունի։ Այո՛, Եվրամիությունը քաղաքական կառույց է, կարող է դռներ բացել, բայց հարց է՝ կարողանալո՞ւ են արդյոք օգտվել այդ հնարավորությունից. չէ՞ որ սրանք ամբողջ արդյունաբերությունը սպանեցին, և հարց է առաջանում՝ ի՞նչ են արտահանելու Եվրոպա, երբ մեր երկրի բուն արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը ջախջախել են»,- ասաց Խաչատրյանը։

Նրա մեկնաբանությամբ՝ Եվրոպան կարող է Հայաստանին փող տալ, ինչպես խոստացավ տալ 2.6 միլիարդ դոլար, Հայաստանի իշխանությունը 6 տարի անց Եվրոպայից ընդամենը կես միլիարդի չափ գումար է կարողացել ստանալ։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունը չի կարողանում կլանել խոստացած գումարը, բայց մի խնդիր է՝ Եվրոպան կբացի՞ դռները Հայաստանի առաջ, մեկ այլ հարց՝ որքանո՞վ կկարողանա օգտվել այդ հնարավորություններից այս Կառավարությունը, հետևապես՝ հստակ է մեկ բան՝ քաղաքական առումով Եվրոպան իր համար նոր դաշնակիցներ է փորձում գտնել՝ ընդդեմ Ռուսաստանի, իսկ թե ի՞նչ է ստանում Հայաստանը դրանից, անհայտ է։

«Ակնկալել, թե Արևմուտքը հանկարծ պատրաստ կլինի Հայասատնին ռազմական աջակցություն ցույց տալ, անիմաստ է։ Փաշինյանը մեր երկիրը հասցրել է այս ծանր վիճակին։ Այս ամբողջ բորշչի պատասխանատուն հենց ինքն է։ Փաշինյանի սաղմոսներով շնորհավորանքները նշանակում են, որ Փաշինյանը սեփական եկեղեցին է ուզում ստեղծել՝ առաջնորդվելով ամեն ազգայինը ջարդելու մոլուցքով։ Այն մարդը, որը պատասխանատու է երկրի համար, երկիրը բերել-հասցրել է այն վիճակին, որ ոչ մի կողմից չենք ստանում գործուն աջակցություն»,- ասաց Խաչատրյանը՝ ընդգծելով նաև, որ այն, ինչ չորս տարի ընդդիմությունն ասում էր, դրան չհավատացող մարդիկ հիմա նոր սկսել են հասկանալ, և տեսանելի է անվտանգային խնդիրների վերաբերյալ մարդկանց տրամադրությունների փոփոխությունը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։