Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եթե ամեն մարդ լինի իր տեղում եւ զբաղվի իր գործով, իսկ մենք էլ գնանք մեր գնացքների նման արագ` ամեն ինչ լավ կլինի»,- ասաց 65-ամյա Լաուրա Սիմոնյանը, ով դեռ չգիտեր, որ առաջիկայում կրկնակի կթանկանա նաեւ Երեւանի մետրոպոլիտենի ուղեվարձը:
Ինչպե՞ս եք պատկերացնում ելքը ստեղծված իրավիճակից. ԵՐԿԻՐ-ը հարզախույզի նպատակը այս հարցի պատասխանը ստանալն էր: Պարզվում է` լավատեսությունը հաճույք է, որը ոչ բոլորն են իրենց թույլ տալիս «ունենալ»:
52-ամյա Վարդան Պապյանը ելքը տեսնում է ազգային կամքի ուժեղացման մեջ, քանի որ «բոլորս ենք մեղավոր, որ էս օրի ենք»:
«Աղջի'կս, մենք ենք մեղավոր, որ եկել-մեզ ուտում են, պետք է բոլորս հավաքվենք ու արմատահան անենք մեզ գռփողներին: 27.000 դրամ աշխատավարձ եմ ստանում, ո՞ր ծակը փակեմ դրանով»,- ասաց նա:
Անահիտ Տերտերյանը հարցին ի պատասխան ասաց, որ գետնի տակից էլ լինի կգտնի ինձ, եթե բառ առ բառ չվերարտադրեմ իր խոսքը:
«Պիտի մեր նախագահին մի քանի ամիս անգործ թողնենք, տանք 32.000 դրամ թոշակ եւ ասենք ապրի, եթե ապրեց ու չբողոքեց` հալալ ա իրեն. մենք էլ չենք բողոքի դրանից հետո»,- զայրացած ասաց տիկին Անահիտը, ով չնայած բարձրագույն կրթություն ուներ, սակայն տարիքի պատճառով /53/ չէր կարողանում, բացի հավաքարարությունից, այլ աշխատանք գտնել: Նա ելքը տեսնում էր նախագահի եւ կառավարության աշխատակիցների «100 տոկոսանոց» փոփոխությամբ:
Երիտասարդ դերասան Արմեն Արյանը միայն երկրից հեռանալ է ուզում, քանի որ` «կոկորդին է հասել ամեն ինչ»:
«Թողնես` գնաս, որ արժեքդ իմանան: Դեռ հեռացողի հետեւից էլ խոսում են: Լավ են անում, մնան, ինչ անեն. կանաչապատո՞ղ, թե՞ անխելք տնօրենի ենթակա դառնան»,- ասաց Արմենը` ինձ էլ առաջարկելով մեկնել. «Հավատա, եթե խելացի ես, դրսում 6 ամիս հետո քեզ ձեռքից ձեռք կխլեն, ստեղ երեւի նորմալ չեն էլ վարձատրում, չէ՞»:
Հարցված երեւանցիները դժգոհ էին, իսկ մարզերի բնակիչները խոսել անգամ չէին ուզում:
Մի խումբ մարդիկ հավաքվել էին, այսպես կոչված` ԳՈՒՄ-ի շուկայի մոտ ու վիճում էին. արտաշատցի Կարոն պետք է ամուսնանար, բայց նույնիսկ 50 հոգով լավ քեֆ անելու գումար չունեին:
«Նշանածս Երեւանից ա, մինուճար աղջիկ, ծնողներն էլ ուզում են, որ դհոլ-զուռնով հարսանիք լինի, թեկուզ տանը. գնալու եմ ու քաղաքապետին խնդրեմ, որ մեզ քեֆ անելու տեղ տա, ինչ մի` ամեն ինչը փողով ա»,- ասաց Կարենը, ով հարսանիքի գիշերը մեկնելու է Ռուսաստան. ահա եւ նրա ընտրած ելքը:
«Աղջիկ ջան, որ ասում ես ընտրած, մի տեսակ լավ չի, էլի: Ոնց որ լիքը ճանապարհներ են դրած մեր դեմը, մենք էլ միջիցը ջոկում ենք: Կամ սոված, պարտքով ապրի կամ էլ գնա. սրանց մեջից ենք ընտրություն կատարում»,- ասաց Կարենի հորեղբայրը` Արարատ Առաքելյանը, ով նույնպես պետք է մեկներ` Կարենի գործերը լավանալուն պես:
ԵՊՀ 7-8 ուսանողներ դասից փախել ու զբոսնում էին ՀՀ հրապարակում. դասից փախել էին ոչ թե «ֆռֆռալու» համար, այլ...
«Առաջ քո ծառը ջրի, հետո շլանգը գցի հարեւանի բաղչեն. այ, էս սկզբունքով էլ աշխատում են համալսարանում. սկզբից իրենց ուզածով են դասն անցկացնում, հետո` ըստ պլանի` գրքերից թխած լեկցիաներ թելադրելով: Պիտի մանկավարժներն ու դասախոսները փոխվեն, որ սերունդը փոխվի եւ վիճակը լավանա, թե չէ սենց ոնց որ սրտից հիվանդի կույր աղիքը բուժենք»,- ասաց Արտակ Հարությունյանը:
Դիմենք անհասցե սրտաբաններին, միգուցե ճիշտ վիրահատություն անեն եւ ճիշտ «դիագնոստիկա» տան: