կարևոր
3559 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-16 13:54
Քաղաքական

Երբեմնի լրագրող ՔՊ-ականը զրպարտում է ԶԼՄ-ին, հետո ներողություն խնդրելու փոխարեն լրագրողին զրկում ԱԺ հավատարմագրումից

«Ժողովուրդ» և «Հրապարակ» օրաթերթերը դատարանի միջոցով պատասխանատվության են կանչելու ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանի ամբիոնից վիրավորել ու փորձել է պախարակել ընդդիմադիր երկու թերթերին։ Ասել՝ իբր ընդդիմադիր լրատվամիջոցները այս կամ այն պաշտոնյային պախարակող հոդվածներ են գրում և դրա դիմաց գումար ստանում։

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին և պահանջել, որ ապացուցի այն, ինչ բարձր ամբիոնից հայտարարել է և առաջարկել միասին գնալ Ազգային անվտանգության ծառայություն կամ Դատախազություն իր հնչեցրած ենթադրյալ հանցանքի համար հաղորդում տալու։

«ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին պատասխանատվության ենք կանչելու և նրա դեմ հայց է պատրաստվում զրպարտիչ, անպատասխանատու տեղեկություն տարածելու համար, այն էլ ԱԺ ամբիոնից»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն ու վստահեցրեց՝ այդ նույն ամբիոնից Արթուր Հովհաննիսյանը ներողություն է խնդրելու լրատվամիջոցից։

Մեր հարցին, թե արդյո՞ք լրատվամիջոցը գումար վերցրել է և ինչ-որ մեկի դեմ հոդված է գրել, Քնար Մանուկյանը պատասխանեց․

«Եթե մենք գումար վերցրած լինեինք, ես այդքան վստահությամբ չէի մոտենա Արթուր Հովհաննիսյանին և իր կոլեգաների ներկայությամբ առաջարկեի, որ միասին գնանք ԱԱԾ կամ դատախազություն։ Նա հրաժարվեց գալ և սա խոսում է այն մասին, որ նա զբազված է զրպարտիչ և անպատասխանատու տեղեկություններ տարածելով»։

Ժողովրդավարության բաստիոն հռչակված փաշինյանական Հայաստանում աննախադեպ են լրագորղների դեմ ճնշումներն ու սահմանափակումները։

Քնար Մանուկյանը, երբ հրապարակել է Արթուր Հովհաննիսյանին վերաբերող նյութը, ոչ աշխատանքային ժամին՝ 18։04-ին ծանուցում է ստացել, որ Ազգային Ժողովը որոշել է  նրան զրկել հավատարմագրումից։

Ստացվում է՝ եթե հարցերը իշխանավորների սրտով չեն, ապա լրագրողին սահմանափակում են և զրկում իր աշխատանքային գործունեությունը կատարելու իրավունքից։ Այսպիսինն է հայաստայան ժողովրդավարության պատկերը։

Ի դեպ, երբեմնի լրագրող Արթուր Հովհաննիսյանը մեկ անգամ չէ, որ պախարակում է ընդդիմադիր լրատվամիջոցներին։ Նախկինում զրպարտել էր նաև 5-րդ ալիք հեռուստաընկերությանը, ՀԸ-ն դիմել էր դատարան և հաղթել դատը։ Դատարանը պարտավորեցրել էր ներողություն խնդրել 5-րդ ալիքից և փոխհատուցել 300 հզ դրամի չափով։ Մինչ օրս Հովհաննիսյանը ներողություն չի խնդրել հեռուստաընկերության անունը պախարակելու համար։

Հիշեցնենք, որ ԱԺ ամբիոնը հաշվեհարդարի վայր դարձրած Արթուր Հովհաննիսյանը այն ՔՊ-ականներից մեկն է, որը  2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը, բնականաբար, կարճվել է իրենց իշխանության գալուց հետո:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել՝ փորձելով հասկանալ, թե ինչն է դարձել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ թմրամիջոցերի ապօրինի շրջանառության գործը կարճելու որոշման հիմքը, սակայն նախաքննական մարմինը դեռ չի պատասխանել հարցմանը։

Անի Նահապետյան