|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Փետրվարի լույս 2-ի գիշերը Ալեքսանդրիայում բախումներ են տեղի ունեցել հակակառավարական ցույցի մասնակիցների եւ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների միջեւ: Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրաե հեռուստաալիքը, դրանք սկսվել են այն բանից հետո, երբ Եգիպտոսի նախագահը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ եւ հայտարարել, որ հրաժարական չի տալու մինչեւ 2011-ի սեպտեմբերը:
Նշվում է, որ քարերով զինված երիտասարդների մի խումբ հավաքվել է քաղաքի հրապարակներից մեկում, սակայն զորքերն ինքնաձիգների կրակահերթերով ցրել են նրանց: Բացի այդ` տանկ է դուրս բերվել ցուցարարների դեմ: Տուժածների մասին տվյալներ չկան:
Միաժամանակ, բողոքի ակցիա է անցկացվում Կահիրեի Թահրիր հրապարակում. ցուցարարները պահանջում են Մուբարաքի անհապաղ հրաժարականը: Նշվում է, որ նախագահի՝ ընթացիկ տարում պաշտոնաթող լինելու մասին խոստումը թերահավատությամբ է ընդունվել. ընդդիմության ներկայացուցիչները համարում են, որ Մուբարաքը կարող է խոսքի տերը չլինել:
Եգիպտոսի նախագահը խոստացել է իր թեկնածությունը չառաջադրել հերթական նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերին, եւ իր պաշտոնը թողնել նոր նախագահի ընտրվելուց հետո: Իր ելույթում Մուբարաքը նաեւ հայտնել է, թե մնացած ժամանակը տրամադրելու է ժողովրդավարական ընտրությունների նախապատրաստմանը, ինչպես նաեւ տնտեսական խնդիրների լուծանը, մասնավորապես՝ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նախագահը նաեւ հայտարարել է, թե մտադիր չէ լքել Եգիպտոսը եւ պատրաստվում է այդտեղ անցկացնել կյանքի մնացած մասը:
Նշենք նաեւ, որ փետրվարի 1-ին Կահիրեում բողոքի քայլարշավին մասնակցել է մոտ երկու միլիոն մարդ:
Մուբարաքի ելույթից գրեթե անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ելույթ է ունեցել իր մեկնաբանություններով: Նա հասկացրել է, որ Եգիպտոսում իշխանությունը նոր ղեկավարությանը հանձնելու գործընթացը պետք է ավելի արագ կատարվի: