կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-27 00:29
Արցախ

Ինչո՞ւ է անտեսված Ղարաբաղյան գործոնը

Ինչո՞ւ է անտեսված Ղարաբաղյան գործոնը

«Ադրբեջանը չի ուզում զիջման գնալ բանակցային գործընթացում եւ, ուժեղացնելով ռազմական հռետորությունը, փորձում է ցույց տալ, որ խաղաղ կարգավորումն իր համար առավելագույն զիջումն է»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» ամսագրի խմբագիր Գեղամ Բաղդասարյանը`տարակուսանք հայտնելով, որ ուժի չկիրառումն իր համար կռվան է դարձրել հենց պատերազմում պարտված կողմը: Բանախոսի կարծիքով, Ադրբեջանը սա անում է նրա համար, որպեսզի իրենից այլ զիջում չպահանջեն: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին ու ԼՂՀ միջազգային ճանաչմանը, ապա, ըստ նրա, դրանք պետք է ոչ թե կախման մեջ լինեին միմյանցից, այլ զուգահեռաբար ընթանային, եւ միայն այդ դեպքում ԼՂՀ միջազգային ճանաչումը կնպաստեր բանակցային գործընթացին: «Հայկական երկու կողմերը,  հատկապես ղարաբաղյան կողմը, գրեթե ոչինչ չեն արել ԼՂՀ ճանաչման համար`ամեն ինչ հիմնավորելով նրանով, որ կա բանակցային գործընթաց: Կարծում եմ` սա շատ մեծ սկզբունքային սխալ է»,-նշեց Գեղամ Բաղդասարյանը` միջազգային ճանաչման գործընթացը բանակցային գործընթացից կախման մեջ դնելը համարելով մի սխալ, որն այսօր էլ չի ուղղվում:

 

Ողջունելով «Ժառանգություն» կուսակցության օրենսդրական նախաձեռնությունը`ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ, նախկին պատգամավորը, սակայն, առավել կարեորեց ղարաբաղյան գործոնի ճանաչումը, որն, ըստ նրա, վերջին տասնամյակում գրեթե վերացել է: «Ղարաբաղը գործոն չէ ոչ միայն բանակցային գործընթացում, այլ նաեւ համահայկական հարթության մեջ, որոշ դեպքերում գործոն չէ նաեւ ներպետական կյանքում: Այնպես որ, նախքան  ԼՂՀ ճանաչումը, հայկական երկու պետությունները պետք է նպաստեն, որ ճանաչվի ղարաբաղյան գործոնը»,-նշեց Գեղամ Բաղդասարյանը`ընդգծելով, որ Ղարաբաղը պետք է իր խոսքն ունենա իրեն վերաբերող ցանկացած հարցում, մինչդեռ իրականում վաղուց դադարել է սուբյեկտ լինելուց ու օբյեկտի է վերածվել: Բանախոսը սա բացատրում է նրանով, որ ԼՂՀ իշխանություններն ինքնուրույն քաղաքականություն վարելու քիչ ռեսուրս եւ քիչ ցանկություն ունեն եւ, ըստ նրա, այս վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂՀ իշխանությունները ձեւավորվում են ՀՀ իշխանությունների միջամտությամբ: «Արցախի ժողովրդավարացման հարցը մշտապես անտարբերության է հանդիպել Հայաստանի իշխանությունների կողմից, քանի որ վերջիններս Արցախի այսօրվա միաբեւեռ իրավիճակը համարում են իրենց իշխանության պահպանման լծակներից մեկը: Բայց թե ինչու է Հայաստանի հանրությունն անտարբեր այս հարցում, ինձ համար առեղծված է»,-նշեց Գեղամ Բաղդասարյանը` հավելելով, որ ինտեգրվել են երկու հայկական պետությունների բարձրագույն իշխանությունները, բայց երկու հանրությունները ոչ միայն չեն ինտեգրվել, այլեւ շարունակում են խորթ մնալ ու չճանաչել իրար: