Արցախում այս տարի պետբյուջեի միջոցներով կապիտալ ներդրումների պետական պատվերը կազմում է 11 մլրդ 720 մլն դրամ՝ նախորդ տարվանից 6 մլրդ 308 մլն դրամով պակաս: Երեկ կառավարության նիստում տեղեկացրել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ ներկայացնելով կապիտալ ներդրումների ծրագիրը:
Կարեն Շահրամանյանի տեղեկացմամբ՝ այս տարի բնակարանաշինությանը կուղղվի շուրջ 1 մլրդ 170 մլն դրամ: Ոլորտում որոշակի աշխատանք կկատարվի նաեւ Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով:
Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում կլուծվի զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը: Նա նաեւ քաղաքաշինության նախարարին հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել իրականացվող շինարարության որակի վրա: