կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-02 19:14
Հասարակություն

18,8 մլդ դրամ պարգեւավճար է նախատեսված 2021-ի բյուջեով, ինչը նախորդ տարվանից ավելի է 21 %-ով․ Արկադի Խաչատրյան

18,8 մլդ դրամ պարգեւավճար է նախատեսված 2021-ի բյուջեով, ինչը նախորդ տարվանից ավելի է 21 %-ով․ Արկադի Խաչատրյան

2021 թվականի պետական բյուջեով  պարգեւատրումների համար նախատեսված է 18 միլիարդ  825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 եւ ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

«Այս նոր իրողություններով պայմանավորված՝ Կառավարությունն արդյո՞ք մտադիր է վերանայել սա, թե՞ այս թիվը նույնությամբ մնալու է»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան՝ նախարար Ջանջուղազյանն ասաց․ «Մենք բազմիցս առիթ ունեցել ենք այդ հարցին անդրադառնալու․անվանումը, դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը, որովհետեւ մենք, ըստ էության, այս լուծումը ներկայացրել ենք՝ որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին եւ չի գտնվել լուծումը ծանրաբեռնվածության բաշխման եւ աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում  է»:

Պատգամավորի ճշտող հարցին՝ փաստորեն պարգեւավճարների մասով փոփոխություն չե՞նք կարող ակնկալել, եւ նշված թիվը փոփոխման ենթակա չէ՞, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց․ «Համենայնդեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա եւ որեւէ ուղղությամբ որեւէ փոփոխության մասին խոսքը, կարծում եմ, ժամանակավրեպ է»։

Նշվեց նաեւ, որ 2021 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է մինչեւ ռազմական դրություն հայտարարելը եւ բնականաբար, այնտեղ հաշվի առնված չեն այն անորոշությունները, ռիսկերը, որոնք ի հայտ են եկել այսօր: