Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
168.am-ը գրում է․ Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր հարկերի հավաքման աննախադեպ կատարողականներով, խոսում գերակատարումների մասին։ Ամեն ամիս շոուներ էր կազմակերպում կառավարության նիստերի ժամանակ։ Ամիսը չավարտված՝ հարկային մուտքերի բարձր կատարողականների վերաբերյալ տվյալներ էր հրապարակում։
Սակայն վերջին շրջանում հարկերի «աննախադեպ» հավաքագրումներին այլևս չի անդրադառնում։
Հարկերն աննախադեպ ծավալներով թերակատարվում են։ Չեն կարողանում հավաքել անգամ պետական բյուջեով նախատեսված եկամուտները։
Կառավարությունը չափազանց լուրջ խնդրի առաջ է։ Առաջին կիսամյակի կատարողականը պարզապես տապալել են։
Տարեսկզբի առաջին վեց ամսվա համար պլանավորել էին հավաքել 1 տրիլիոն 305 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Սակայն կարողացել են հավաքել 1 տրիլիոն 187,6 միլիարդը։
Պակաս է հավաքվել 117,4 մլրդ դրամ։
Առաջին կիսամյակի հարկային մուտքերը թերակատարվել են գրեթե 9 տոկոսով։
Թերակատարումը նոր չի սկսվել։ Տարեսկզբից է այդպես։ Բայց, ինչպես և սպասվում էր, երկրորդ եռամսյակում թերակատարումն ավելի է խորացել։
Եթե առաջին եռամսյակի պլանը պակաս էր կատարվել 8 տոկոսով, երկրորդինը՝ հասել է 9,7 տոկոսի։
Առաջին եռամսյակում նախատեսել էին հավաքել 544,2 մլրդ դրամ, բայց հավաքվեց 500,6 միլիարդ։
Թերակատարումը կազմեց 43,6 մլրդ դրամ։
Երկրորդ եռամսյակում ոչ միայն չի հաջողվել շտկել իրավիճակը, այլև տեմպը խորացել է. 760,8 միլիարդ պիտի հավաքեին, հավաքել են 687 մլրդ դրամ։
Պակաս է հավաքվել 73,8 մլրդ դրամ։
Կիսամյակի արդյունքներով՝ բյուջեի հարկային եկամուտների թերակատարումը հասել է 117,4 միլիարդի։
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ֆինանսների նախարարը, տարեկան կտրվածքով, 60 մլրդ դրամ հարկերի չստացման ռիսկի մասին էր խոսում։
Այնինչ՝ վեց ամսվա արդյունքներով՝ մուտքերի թերակատարումն արդեն դրանից գրեթե կրկնակի ավելի է։
Այսպես շարունակվելու դեպքում՝ տարեվերջին բյուջեի հարկային եկամուտների ճեղքը շատ ավելի մեծ կլինի։
Տարբեր գնահատումներով, այն կարող է անցնել ընդհուպ մինչև 200 մլրդ դրամից։
Չնայած առաջին կիսամյակին չստացված 117,4 միլիարդն արդեն լուրջ խնդիր է բյուջեի նախատեսված ծախսերը լիարժեք կատարելու համար։
Պատահական չէ, որ այսօր կառավարությունը կանգնել է որոշ ծախսեր հետաձգելու փաստի առաջ՝ առաջնային-երկրորդային են անում, բայց էլի չեն կարողանում տեղավորվել հավաքվող գումարների մեջ։
Որոշ ոլորտներում արդեն կան ֆինանսավորման ուշացումներ։ Պարտքեր են կուտակվում։
Բյուջեի եկամուտների թերակատարումը փորձում են «կոտրել» նաև Արցախի մեր հայրենակիցների վրա։ Խնդիրներ են առաջացել՝ մասնավորապես արցախցիների որոշ խմբերի թոշակները վճարելու հետ կապված։
Ֆինանսների նախարարությունը ստեղծված իրավիճակը պայմանավորում է նրանով, որ կառավարության պահուստային ֆոնդում ազատ միջոցներ առկա չեն։
Ընդհակառակը, առկա են մարտահրավերներ, մակրոտնտեսական ռիսկեր, ու դրանց դիմակայելու համար սահմանափակ հարկաբյուջետային հնարավորություններ կան։
Ելնելով դրանից՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առաջարկվել է մինչև տարեվերջ զերծ մնալ ոչ առաջնային և հայեցողական ծախսերի գծով վերաբաշխումների նախաձեռնություններից և հատկացված միջոցները կառավարել այնպես, որ հնարավոր լինի վճարել արցախցիներին հասանելիք թոշակները։
Սրանք դեռ բյուջեի պահպանված ծախսերն են, որոնց իրականացման առումով արդեն խնդիրներ կան։ Իսկ ի՞նչ կարող է լինել, այսպես կոչված, չպաշտպանված ծախսերի հետ։
Հարկային մուտքերը տարվա առաջին կեսին նախատեսվածի համեմատ էապես թերակատարվել են, չնայած արձանագրված բարձր տնտեսական աճերին։
Նախորդ տարվանից ավելի է հավաքվել 84,1 մլրդ դրամ, այն դեպքում, երբ բյուջեի հարկային եկամուտների կիսամյակային համամասնությունների պլանը կատարելու համար պիտի ավելի հավաքվեր առնվազն 201,5 մլրդ դրամ։
Դեռ չհաշված, որ ավել հավաքված 84,1 մլրդ դրամի մի մասն էլ հիփոթեքային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի արդյունք է։
Այս գործոնը հանելու պարագայում հարկային մուտքերի աճի շատ ավելի համեստ պատկեր կունենանք։
«Եթե դիտարկենք 2023 թվականի առաջին կիսամյակի կատարողականը՝ 2024 թվականի հաշվարկման տրամաբանությամբ, այն է` վերադարձվող գումարներից չպակասեցնելով հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը, ապա 2024 թվականի առաջին կիսամյակի ապահովված եկամուտներն ավելի կլինեն նախորդ տարվա համադրելի ցուցանիշից 60,1 մլրդ դրամով կամ 5,3 տոկոսով»,- արձանագրել է Պետեկամուտների կոմիտեն։
Հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրները գնալով սրվում են։ Չեն կարողանում մուտքերն ապահովել՝ երբեմն նույնիսկ ծայրահեղ քայլերի են գնում. գրավի տակ գտնվող գույքը վերագրավադրում են՝ բյուջե փող բերելու համար։
Կարծում եք՝ պատահակա՞ն էր, որ Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրի նոր սեփականատերը վաղաժամկետ կատարեց իր պայմանագրային պարտավորություններն ու պետության թույլտվությամբ՝ վերագրավադնելով հյուրանոցային համալիրի գույքը, միանգամից վճարեց պայմանագրով չվճարված գումարի մնացած մասը՝ 3 մլրդ դրամի չափով։ Այն դեպքում, երբ կարող էր վճարել առաջիկա երկու տարվա ընթացքում։
Բայց անգամ այսպիսի կամավոր-պարտադիր զոհողություններն արդեն չեն փրկում։
Արտաքին գործոնների ազդեցությունը, որը վերջին տարիներին դարձել էր բյուջեի հարկային եկամուտների ավելացման հիմնական գրավականը, կառավարությունն էլ կարծել է, թե դա իր «փայլուն» աշխատանքի արդյունքն է, սկսել է թուլանալ։ Այլևս նախկին բարձր ակտիվությունը չկա, ու դրա հետևանքները տեսնում ենք հարկերի հավաքման վրա։