կարևոր
3580 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-19 15:02
Հասարակություն

Մեր գյուղտեխնիկան նախորդ տարվանից միջդիրքային տարածքում է մնացել. Իշխանասարի համայնքապետ

Մեր գյուղտեխնիկան նախորդ տարվանից միջդիրքային տարածքում է մնացել. Իշխանասարի համայնքապետ

Սյունիքի մարզի Իշխանասար համայնքում մեկնարկել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքները: Համայնքի արդեն 24 տարվա ղեկավար Մարատ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ աշխատանքները բնականոն հունով են ընթանում, թշնամին կրակոցներով չի անհանգստացնում առայժմ:

«Վարելահողերը դիրքերից հեռու են, միայն խոտհարքներն են իրենց նշանառության տակ,  վտանգավոր է այդ մասում: Անցած տարի մարդիկ որ գնացել են խոտը քաղեն, բերեն թշնամին կրակել , ու մեր տրակտորը, ու մամլիչ մեքենան մնացել է այնտեղ, չենք բերել, ճիշտն ասած փորձ էլ չենք արել, որովհետեւ չգիտենք՝ կկրակեն, թե՝ ոչ, ոչ էլ իրենք են տարել, այդպես մնացել է միջդիրքային հատվածում: Գյուղտեխնիկան գյուղացուն է պատկանում, դիմում ենք գրել, որ փոխհատուցեն, դեռ չեն տվել, բայց կտան: Մարդիկ սկսել են վարուցանքը, հանգիստ իրենց գործն անում են»,-ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ 1700 հա ընդհանուր օգտագործման հողերից սեպտեմբերյան ագրեսիայից հետո կարողանում են օգտագործել 1000 հա-ը:

«Դրանք ընդհանուր հողերն են՝ համ վարելահողերը, համ խոտհարքները, համ էլ արոտավայրերը»,- նշեց նա:

Պետրոսյանի խոսքով՝ գյուղի բնակչությունը ադրբեջանական ագրեսիայից հետո չի քչացել, ընդհակառակը՝ մի բան էլ ավելացել է, արցախցիներ են գյուղում բնակություն հաստատել:

«Մենք մեր գյուղից դուրս չենք գալու, ո՞ւր գնանք, որ գանք Երեւան մեզ կպահե՞ն, գնանք մի մետրի վրա հինգ հոգով ապրե՞նք: Սյունեցին չի ուզում իր հողը կորցնի: Մենք պետք է այսօր ազգովի համախմբվենք, այդ դեպքում մեզ կոտրող չի լինի: Ես 90-ականների պատերազմին մասնակցել եմ, ու կարող եմ ասել, որ մենք հաղթեցինք, քանի որ ադրբեջանցիները պառակտված էին, հիմա հակառակն է, մենք ենք պառակտված, դրա համար էլ պարտվեցինք»,- ասաց նա: