Տնտեսագետ Սամվել Ավագյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ալյուրի վերջին թանկացումներին, ասաց, որ հացամթերքի թանկացումը պայմանավորված է ցորենի միջազգային շուկայով: Նրա փոխանցմամբ` ալյուրը թանկացել է, քանի որ բարձրացել են նաեւ ցորենի միջազգային գները. պատճառների թվում տնտեսագետը նշում է Ավստրալիայում եւ Բրազիլիայում տեղի ունեցած ջրհեղեղները, ցորենի պահանջարկի մեծացումը, ինչպես նաև Եվրամիության` 2011-ին ցորենի արտահանումը պակասեցնելու որոշումը: Ինչպես տեղեկացել է տնտեսագետը հենց հայաստանյան ներկրողներից այսօր նրանք օգտագործում են մասամբ նախքան թանկացումը ձեռք բերված ցորենը, մասամբ էլ դրանից հետո ձեռքբերվածը: Տնտեսագետի կանխատեսմամբ, երբ ներկրողները սկսեն իրացնել միայն բարձր գնով ձեռքբերված ալյուրը, ապա հավանաբար հացի գինն ավելի կբարձրանան: Ընդհանուր առմամբ, ըստ տնտեսագետի, ցորենի պակասություն կամ ճգնաժամ 2011-ին չի սպասվում: