կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-26 02:34
Տնտեսական

Կարագը ջուր է, շաքարավազը` խոնավ, հացն էլ` թեթեւ

Կարագը ջուր է, շաքարավազը` խոնավ, հացն էլ` թեթեւ

Մեծ ու տեխնոլոգիապես հագեցած արտադրամասերն ավելի վստահելի են, քան, այսպես կոչված, «ցեխերը», որոնք հայտնի չէ` ինչ եւ ինչպես են արտադրում, եւ ով է վերահսկում նրանց աշխատանքը:

«Ցավալին այն է, որ այդ վերահսկողության բացակայության պարագայում նրանց արտադրանքը հասնում է առեւտրի ցանց»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:

Ըստ նրա` Հավատարմագրման խորհրդի աշխատանքը դրված է սիրողական մակարդակի վրա. օրենքն ու մարմինը կան, բայց գործը սիրողական մակարդակով է արվում:

«Այն մարդիկ, որոնք պետք է գնան եւ գնահատում կատարեն, չեն ուզում վատամարդ լինել, միակ կռիվ տվողն ու վիճաբանողը ես եմ: Բոլորը դոշ տված պաշտպանում են` ում եւ ինչ`չգիտեմ, այսինքն` շատ լավ գիտեմ»,- նշեց Ա. Պողոսյանը` հավելելով, որ թեեւ Հավատարմագրման խորհուրդը լուրջ ու պատկառելի կազմ ունի եւ ղեկավարվում է էկոնոմիկայի նախարարի կողմից, բայց ամեն ինչ շատ անլուրջ հիմքերի վրա է դրված:

Ի դեպ, «Սպառողների ասոցիացիա»-ն այս օրերին աղաղակող փաստեր է գրանցել:

«Մենք ահազանգեր ենք ստանում խաբեության ավելի ու ավելի կատարյալ ձեւերի մասին. շաքարավազը խոնավ է, սուպերմարկետներից գնված 1 կգ կարագի 250 գրամը ջուր է, իսկ 200 գրամ կշռով մեկ հացի համար սպառողը ստիպված է վճարել 240 դրամ»,- ասաց Արմեն Պողոսյանը: