Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր թերթի հունվարի 13-ի համարում հաղորդել էինք Համբուրգում երկու խմբավորումների միջեւ տեղի ունեցած վիճաբանության, այդուհետեւ հրազենից թիկունքից վիրավորված 39-ամյա հայի մասին: Երեկ գերմանական էլեկտրոնային լրատվամիջոցները մանրամասներ էին հավելել մեզ ծանոթ պատմությանը:
Հունվարի 11-ին ժամը 20.40-ին Համբուրգի Լոհբրյուգգեի սպորտային կենտրոններից մեկում, որը նաեւ ժամանցի վայր է, վեճ է սկսվել արական սեռի 17 ներկայացուցիչների միջեւ, որն ավարտվել է կրակոցներով: «Համբուրգեր մորգեն փոստի» տեղեկություններով, երկու խմբավորումները, որոնց ներկայացուցիչները ծագումով Հայաստանից են, թշնամացած հարաբերություններ են ունեցել: Կենտրոնի մենեջերը պարզաբանել է, թե մի խումբն իրենց ծանոթ է եղել, նրանք հաճախ են այցելել կենտրոն ֆուտբոլ խաղալու: Նրանց առաջարկվել է հանգիստ զրուցելու համար հավաքվել պոկերի սենյակում: Բայց հանգիստ զրույցի փոխարեն դրությունը սրվել է: Լսվել են կրակոցներ: Ոստիկանության տվյալներով, թիկունքից մահացու վիրավորված 39-ամյա Վաչագան Վ.-ն հարել է խմբավորումներից մեկին եւ արդեն ծանոթ է եղել ոստիկանությանը, ըստ այլ աղբյուրիՙ գողություն կատարելու փաստով: Գետնին պառկած վիրավորին թողնելով մենակ, մյուսներն արագ փախուստի են դիմել պատուհանից, ըստ ականատեսների 5 ավտոմեքենայով ճողոպրել դեպքի վայրից: Վիրավոր Վաչագան Վ.-ին շտապ վիրահատել են: Ըստ հիվանդանոցի խոսնակի, նրա վիճակը կայուն է, բայց ծանր, արհեստական շնչառություն են տալիս: Նրան դեռ չեն հարցաքննելՙ ի վիճակի չէ խոսել: Առայժմ հայտնի չեն ոչ մասնակիցների անունները, ոչ էլ կռվի շարժառիթները: Պոկերի սենյակում իրավապահ մարմինները հայտնաբերել են 9 մմ փամփուշտ, 9 մմ փամփշտապարկուճ, տարբեր չափերի մի շարք այլ պարկուճներ: Սպորտային կենտրոնի անվտանգության պահպանության տեսանկարահանող համակարգը միացված է եղել, ժապավենը հանձնվել է քննության, փնտրվում են վկաներ: