2010-ի տնտեսական ու քաղաքական անցուդարձին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ իր գնահատակները տվեց նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով` 2010-ին որեւէ էական բարելավում չի եղել, թեև համոզված է` իշխանությունը տարին կամփոփի դրական միտումների մասին փաստող 2-2.5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշներով: «Կառավարությունը կգովի իրեն, ընդդիմությունը` կքննադատի, իսկ ավելի իրատես տնտեսագետները կասեն, իրոք, լավ չի, քանի որ օրինակ նախորդ տարի աշխարհում անկումը կազմեց 2 տոկոս, Հայաստանում` 14 տոկոս: Հանրապետականները սովորություն ունեն իրենք իրենց գովելու, թեև իրականում գովելու տեղ չկա»,-նկատեց Բագրատյանը: Նա նշեց նաև, որ թեև նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2.5 հազար դրամով` հասնելով 32.5 հազարի, սակայն դա ոչինչ չի փոխի: «Մենք չենք տեսել ոչ մի քայլ բարեփոխումների իմաստով: Նույնիսկ ՀԴՄ կտրոնների կիրառումը իրեն չարդարացրեց»,- ավելացրեց Բագրատյանը: Խոսելով 2011-ի բյուջեից` Բագրատյանն ասաց. «Եկող տարվա բյուջեն 850 մլրդ դրամ է, սակայն քանի որ 26 տոկոս գնաճ է եղել, նշանակում է, որ եկող տարվա բյուջեն ավելի ցածր է, քան 2009-ի բյուջեն, թեև 2009-ին 760 միլիարդ դրամ է եղել»: Բագրատյանի ներկայացմամբ` կառավարությունը գալիք տարվա համար ոչինչ չի նախատեսում և նույնիսկ գաղափար չունի, թե ինչ է անելու: «Ինձ նույնիսկ սկսել է թվալ, թե նախագահը տնտեսությունից սկսել է ավելի շատ բան հասկանալ, քան վարչապետը: Վարչապետը կառավարությունում աղոթք է անում, տերտերների հետ էլ հայտնվում էկրաններին»,- հավելեց ՀՀ նախկին վարչապետը: