Դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 11-ին, կընտրվի Երեւանի նոր քաղաքապետը: Այս մասին հայտնեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը ավագանու արտահերթ նիստի ժամանակ: «Գագիկ Բեգլարյանը մեր գործընկերն է, հարգանքը նրա նկատմամբ կա և շփումը շարունակվելու է»,- նիստից առաջ ասաց ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Գասպարյանը: Նա տեղյակ չէ, թե Գագիկ Բեգլարյանի հետ կապված վերջին իրադարձություններն ինչպես զարգացան. «Ինչ էլ, որ գիտեմ, մամուլից եմ տեղեկացել»: Տեղեկացնելու գործառույթն այս անգամ էլ կատարելու համար լրագրողները սպասեցին, թե ե՞րբ կավարտվի ավագանու փակ նիստը, «մի երկու հարց» էլ Տարոն Մարգարյանին տան: Նիստն ավարտվեց, դուրս եկան ավագանու բոլոր 47 անդամները, իսկ Տարոն Մարգարյանը չկար: Մի քանի լրագրողներ նույնիսկ դահլիճի ներսը ստուգեցին` այնտեղ չէ՞ր: Պարզվեց` քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը դահլիճի մյուս ելքով էր դուրս եկել: «Ինքը ասել էր, որ այսօր հարցազրույց չի տալու»,- լրագրողների համառությունը կոտրեց քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը: