Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ավագանու ընտրությունների մասնակից ուժերից «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը հրատապ ասուլիս են հրավիրել և իրազեկել իրենց ծրագրում նոր դրույթ ներառելու մասին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջարկում են` այն քաղաքացիները, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքով քվեարկելուց, քաղաքապետարանից ստանան սոցիալական աջակցություն` 15 հազար դրամի չափով: Ըստ նրա` դա կլինի սոցիալական աջակցության ֆոնդ` ընդդեմ ընտրակաշառքի, և այդ գումարը կստանան նրանք, ովքեր կգնան և դիմում կգրեն:
Մարուքյանն էլ նշեց, որ իրենք հաշվարկել են` դրա համար անհրաժեշտ է 3 միլիարդ դրամ գումար:
Ըստ Փաշինյանի` քանի որ ընդդիմությանը մեղադրանք է առաջադրվում, թե գործուն մեխանիզմ չի առաջարկում ընտրակաշառքի դեմ պայքարի համար, ուստի իրենք առաջ են քաշում այդ ծրագիրը:
Հարցին` այդ մեթոդը կօգնի՞ պայքարել ընտրակաշառքի դեմ, քանի որ կգտնվեն մարդիկ, ովքեր այդ դիմումը կգրեն, հետո ուրիշից էլ ընտրակաշառք կվերցնեն, Մարուքյանն արձագանքեց. «Եթե քաղաքացիները գնան ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն կատարեն` առանց այդ 10 հազար դրամների գայթակղության, առանց ադմինիստրատիվ լծակների ու ճնշման, ապա այդ պարագայում անհնար է, որ իշխանությունը վերարտադրվի»:
Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններին մարդիկ ասում էին` ընտրակաշառքը կվերցնենք, հետո չենք ընտրի, բայց բոլորը գնացել և ընտրել են նրան, ումից փող են վերցրել: «Հիմա մենք էլ հավատում ենք մարդկանց: Մարդիկ, որ մեզ ասում են` մեր դրության մեջ մտեք, դրա համար մենք մտել ենք նրանց դրության մեջ և պետական մեխանիզմով պետք է դրա դեմն առնենք, հիմա պետական մեխանիզմը մտածված է»,- հայտարարեց Մարուքյանը, ապա հավելեց, որ ընտրակաշառք վերցնողը չի մտածի, որ ինքը հանցագործություն է արել, սա կլինի օրինական: