Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նկատի առնելով Հայաստանում արձանագրված թմրամոլների թվի կտրուկ աճը, կառավարությունը դեկտեմբերի 9-ի նիստում մի շարք դեղամիջոցներ, որոնցից հնարավոր է տնային պայմաններում թմրադեղեր պատրաստել, մտցրել է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ցանկը, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել վերջիններիս շրջանառությունը: Այդ դեղամիջոցներն են թիանեպտինը, տրոպիկամիդը, պրեգաբալինը եւ սեդալգինը:
Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ առկա է օրենսդրական բաց` կապված դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի բաց թողնող անձանց պատասխանատվության ենթարկելու հետ: Ակնկալվում է, որ օրինագծի ընդունմամբ կնվազի դեղատոմսով բաց թողնվող դեղերի ապօրինի շրջանառությունը եւ հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել խախտող անձանց:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվել խնդրո առարկայի վերաբերյալ, ուստի առաջացել է վտանգավոր այս երեւույթը կանխելու կամ գոնե նվազեցնելու ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն:
Գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել նախկինում ընդունած «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության եւ նրա մոտ բնակչության գրանցման կարգի» կետերից մեկը, որով ակնկալվում է բարելավել բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրային գործընթացը, ինչը հնարավորություն կտա առավել կառավարելի դարձնել թե' պետական բյուջեից կատարվող ֆինանսավորումը, թե' բուժհիմնարկների ծախսերի պլանավորումը: