կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-05 18:59
Իրավական

Մաքսային ծառայողների անփույթ վերաբերմունքի հետևանքով ՀՀ է ներմուծվել շուրջ 5 տոննա հոգեմետ նյութ. ՀՔԾ

Մաքսային ծառայողների անփույթ վերաբերմունքի հետևանքով ՀՀ է ներմուծվել շուրջ 5 տոննա հոգեմետ նյութ. ՀՔԾ

Անհատ ձեռնարկատեր Ն. Թ.-ն Ռուսաստանի Դաշնությունից ձեռք է բերել և 25.07.16թ. ՀՀ պետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ, առանց համապատասխան լիցենզիայի առկայության, մաքսանենգ ճանապարհով ներմուծել է ներկերի արտադրության մեջ օգտագործվող շուրջ 5 տոննա քաշով «Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ հոգեներգործուն նյութերը ներմուծելիս փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին, որից հետո վերջիններիս կողմից թույլատրվել է բեռի բացթողումը:
«Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութը ՀՀ պետական սահմանով սահմանված կանոնների խախտմամբ տեղափոխելու և ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրենց պարտականության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: